Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ձևով և բովանդակությամբ անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին։ Խորհրդարանում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարը նշել է, որ այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։
Հիշեցնենք՝ հունվարի 12-ին Ալիևը հայտարարել էր՝ «Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի` Լեռնային Ղարաբաղ անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»։
Ֆրանսիայի Սենատի, Ազգային ժողովի, Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ, ինչպես նաև 242 այլ գործիչներ բաց նամակ են հղել Ֆրանսիայի նախագահին՝ պահանջելով, որ նա Ֆրանսիայի անունից Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Պեկրեսից: