Ղազախստանում կեսգիշերին ավարտվել է արտակարգ դրության ռեժիմը, որը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել էր երկրի մի շարք շրջաններում սկսված անկարգությունների պատճառով՝ գրում է Interfax-ը։
Հունվարի 5-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետն ավարտվել է Ղազախստանի ևս յոթ շրջանում, այդ թվում՝ Ալմաթի, Նուր-Սուլթան քաղաքներում և Ժամբիլի, Կիզիլորդայի, Ատիրաուի, Ալմաթիի, Մանգիստաուի շրջաններում, որտեղ անկարգություններն ավելի ագրեսիվ բնույթ էին կրում։
Ավելի վաղ ժամկետից շուտ արտակարգ դրությունը չեղարկվել էր երկրի տասը շրջանում:
«Այսպիսով, ամբողջ երկիրը վերադառնում է բնականոն կյանքին։ Արտակարգ դրության ժամանակ սահմանված պարետային ժամը և այլ ժամանակավոր սահմանափակումները չեղարկվում են»,- հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
Ազգային անվտանգության կոմիտեի տվյալներով, սակայն, ահաբեկչական վտանգի կրիտիկական «կարմիր» մակարդակը պահպանվում է Ժամբիլ և Ալմաթի շրջաններում ու Ալմաթի քաղաքում։