«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Յուգեն Շմիդտը նշել է, որ Գերմանիան ոչինչ չունի Ռուսաստանին առաջարկելու անվտանգության հարցում, բացի երկխոսությունից։ Այդ մասին նա ասել է РИА Новости-ին։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ եվրոպական մայրցամաքում անվտանգության նոր կանոններ սահմանելու համար Ռուսաստանը անմիջականորեն դիմել է ԱՄՆ-ին՝ բանակցություններից բացառելով «նրա եվրոպական գործընկերներին»։ Խորհրդարանականն ընդգծել է, որ Գերմանիայի կոալիցիոն կառավարությունում դեռևս կան տարաձայնություններ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում։
ТАСС-ն էլ հայտնում է, որ Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Շտեֆեն Կոտրեն, Արևմուտքին կոչ է արել լրջորեն վերաբերվել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցով Ռուսաստանի մտահոգություններին:
«Եթե Ռուսաստանը մտահոգված է ՆԱՏՕ-ի անմիջական ներկայությունից, դրան պետք է լուրջ վերաբերվել»,- ասել է Կոտրեն։ Գերմանացի պատգամավորի խոսքով՝ սառը պատերազմի ավարտից հետո արևմտյան երկրները դրժել են իրենց խոստումը՝ չընդլայնել դաշինքը դեպի արևելք։ Ուստի հիմա պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները վստահելի լինեն։ Սակայն ներկայումս լրիվ հակառակ իրավիճակն է, քանի որ նախապատվությունը տրվում է Ուկրաինային։