Թուրքիայի փորձերը՝ դրդել Ուկրաինային կատարել Մինսկի պայմանավորվածությունները, կարելի է միայն ողջունել՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Չորեքշաբթի նրա հետ հանդիպման ժամանակ լրագրողները խնդրել են Պեսկովին մեկնաբանել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին Թուրքիա բանակցությունների հրավիրելու մասին՝ գրում է РИА Новости-ն:
«Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել կարգավորել իրավիճակն Ուկրաինայում: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարումը ձգձգելու հետ: Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և նրանց դրդեն կատարել ավելի վաղ ստանձնած պայմանավորվածություններն ու պարտավորությունները, դա կարելի է միայն ողջունել: Իսկ շփումների անցկացման վայրը երկրորդական է: Հիմնականը Ուկրաինայի վրա ազդելն է»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Daily Sabah-ը տարածել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիայի ղեկավարը Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա բանակցությունների՝ հարթելու երկու երկրի միջև առկա տարաձայնությունները։