ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին: Մասնավորապես, հունվարի 14-ի ասուլիսում Lավրովն ասել էր, որ հայկական կողմն առաջարկներ է փոխանցել, որոնք ուղարկվել են Բաքվին:
Թե ինչ առաջարկների մասին է խոսքը՝ ներկայացրեց Միրզոյանը.
«ՌԴ արտաքին գործերի նախարարի հաղորդած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ, ռուսական կողմի միջնորդավորված կերպով, Ադրբեջանին: Այժմ սպասում ենք արձագանքի»:
Դետալներ ու մանրամասներ, սակայն, Միրզոյանը չհրապարակեց:
«Կարող եմ միայն ասել, որ դրանք բխում են վարչապետի, Կառավարության կողմից բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր հայեցակարգից»,- ասաց Արարատ Միրզոյանը: