Գերմանիայի նախկին կանցլեր (2005-2021) Անգելա Մերկելը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկը՝ ղեկավար պաշտոն ստանձնել կազմակերպության կառույցներից մեկում: Այդ մասին հայտնում է DW-ն:
Գործակալության տվյալներով՝ խոսքը գլոբալ հանրային բարիքների վերաբերյալ խորհրդատվական խորհրդի ղեկավարի պաշտոնի մասին է:
Մերկելն «այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն հայտնել առաջարկի համար և հայտնել, որ այն մերժում է»,- նշել են նախկին կանցլերի գրասենյակից։
Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալուց առաջ DW-ի հետ հարցազրույցում Մերկելն ասել էր, որ այլևս մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ։ «Ես քաղաքական կոնֆլիկտներ չեմ լուծի, դա արել եմ երկար տարիներ, 16 տարի է՝ զբաղեցնում եմ դաշնային կանցլերի պաշտոնը»:
«Ես արդեն ասել եմ, որ, նախ, մի քիչ կհանգստանամ, հետո նոր կորոշեմ՝ ինչով զբաղվել»՝ եզրափակել է Մերկելը: