Սառեցված մոռ-մոշ-ելակի ախորժալի տուփերը ֆերմերը հազիվ հասցրեց բացել՝ Լոռվա հատապտուղը հայտնվեց գնորդների ուշադրության կենտրոնում։ Ինչքա՞ն ապրանք ու ի՞նչ գնով կարող են մատակարարել՝ դեռ կճշտեն․ շտապեցին տվյալներ փոխանակել։
Հովսեփ Միրզախանյան (MBG Group ընկերության գնումների բաժնի ղեկավար) - Ռեստորանային բիզնես է, հետաքրքրում է սառեցված մրգերը, իրենց գնառաջարկի հետ կապված կպայմանավորվենք, կհամագործակցենք:
Ֆերմերների այս ժամադրությունը պոտենցիալ գնորդների հետ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրով է։ Դահլիճում օրգանիկ բերք աճեցնող և վերամշակող 35 արտադրող կա, 50-ից ավելի բիզնեսի ներկայացուցիչ։ Նրանց հանդիպումը EU-GAIA ծրագրով կազմակերպել են Ավստրիական զարգացման գործակալությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ։
Պասկալ Բոկկերս («Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար) - Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է ծանոթանալու իրար հետ, պայմանավորվածություններ ձեռք բերելու, որ ֆերմերը գնորդ գտնի իր արտադրած ապրանքի համար, իսկ իրացման ցանցը, լինի սուպերմարկետ, ռեստորան թե հյուրանոց, լուծի մթերքի մատակարարման հարցերը։
Ապրանքը քացախ է թե քաղցր կոմպոտ՝ նշանակություն չունի․ բոլոր սեղանների մոտ ակտիվ քննարկումներ են։ Այստեղ, օրինակ՝ իջևանցի այգետերն ուզում է իր դաշտերի բերքն առաջարկել չիր պատրաստելու համար մթերումներ իրականացնող «Ոզնի» բրենդին։
Ինգա Իսահակյան («Ոզնի» ընկերության տնօրեն) - Ընկերությունը համագործակցում է Հայաստանի տարբեր մարզերի այգեպանների հետ, ձեռք բերում պտուղ-բանջարեղեն, մթերում է սեզոնին, այնուհետև պատրաստում առանց շաքարի բնական չրեր:
Արամ Ժամհարյան (ֆերմեր) - Թուզ, կառալյոկ՝ 3 հա, մոշ՝ անցած տարի ենք հիմնել:
Եթե կանաչ, մաքուր գյուղատնտեսությունն եք ընտրել՝ այգին պետք է միայն բնական պարարտանյութով մշակել՝ ներկաներին մեկ անգամ ևս հուշեց ծրագրի փորձագետը։ Զգուշացրեց՝ որպես օրգանիկ սերտիֆիկացված դաշտում հանկարծ թունաքիմիկատ չօգտագործել, նույնիսկ երբ մկներ հայտնվեն․ դրանց դեմ կարելի է պայքարել տարածքում մեկ-երկու բու ունենալով։ Չկա խնդիր, որի լուծումը միասին չգտնեն, միայն թե կարողանան ավելի շատ ֆերմերների ընդգրկել օրգանիկ գյուղատնտեսության այս ծրագրում։
Գառնիկ Մանուկյան (Ավստրիական զարգացման գործակալության մարքեթինգի փորձագետ) - Սահմանված թիրախներն են, որ մենք ծրագրի ավարտին ունենանք 120 շահառու, որոնք կկիրառեն կանաչ գյուղատնտեսություն, կունենանք ևս 80 արտադրող, որոնք արդեն կլինեն սերտիֆիկացված արտադրողներ, և առնվազն 200 հա, որ կգտնվեն կանաչ, կայուն գյուղատնտեսության մշակման տակ:
Առանց քիմիայի ու հավելանյութերի, օրգանիկ գյուղատնտեսությունը սովորականից շահավետ է՝ իր փորձից պնդում է Աժդահակ լեռան լանջերի մեղրից, ծաղկափոշու խառնուրդով, խոտաբույսերով ու ուտելու հարցում կամակոր երեխաների համար հատուկ հարած մեղր շուկա հանող ֆերմերը։
Վարդան Քոչարյան («Ալպիա» ընկերության տնօրեն) - Փափուկ է համը, աշխարհը սա ստեղծել է, որ երեխաներին խաբի՝ ուտեն: Մեր ապրանքը մեղվի շուկայում վաճառվում է թանկ ապրանքների գնային ոլորտում:
Կոտայքի մեղրի կողքին Արագածոտնի ձավարեղենն է՝ հաճար, սիսեռ, բլղուր։
Լևոն Պարոնյան (ֆերմեր) - Խանութներում կա պահանջ, արտահանման պահանջ էլ կա:
Ֆերմերը վստահ է՝ տուն է վերադառնալու գնորդների հետ գոնե նախնական պայմանավորվածությամբ: Արդեն նաև Հայաստանում են ավելանում օրգանիկ մթերք նախընտրող սպառողն ու այն վաճառող բիզնեսը։