Մեկնարկել է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը»: Խորությամբ հետազոտելու են ոլորտը, սկզբնական նպատակը՝ տեքստիլ արդյունաբերության 5-ամյա ռազմավարության մշակումն է:
Ռաֆայել Գևորգյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Ռազմավարության համատեքստում նախատեսում ենք ներառել նաև կաշեգործությունը և էլի այլ ճյուղեր:
Տեքստիլ արդյունաբերության զարգացման մասին Էկոնոմիկայի նախարարի տեղակալն է պատմում: Գերատեսչությունում մեկնարկած «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը» հիմք կտա այս ոլորտի համար նույնիսկ ռազմավարություն մշակել: Հանդիպմանը հեռավար մասնակցում էին նաև դոնորները: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շեշտում է՝ ծրագիրը Լոնդոնի և Երևանի առաջին գործակցությունը չէ, տեքստիլ արդյունաբերությունն արագ զարգացող ոլորտ է, Հայաստանն էլ այստեղ մեծ ներուժ ունի.
Ջոն Գալագեր, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան - Էկոնոմիկայի նախարարությունը քայլեր է ձեռնարում, որ այս ոլորտը դառնա ավելի կայուն զարգացող, ինչը կօգնի նաև կանանց շրջանում ձեռներեցության զարգացմանը: Այսօրվա ծրագիրն ավելի մեծ ծրագրի բաղադրիչն է:
Մյուս դոնորը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Հայաստանում իր ներդրումների 90 տոկոսն ուղղել է մասնավորին: Կառույցի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի խոսքով՝ նախորդ տարի ներդրումները ռեկորդային են եղել:
Դիմիտրի Գվինդաձե, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար - 2021-ին Հայաստանում մեր ներդրումը հասել է 175 մլն եվրոյի, մեր գործակցության պատմության մեջ սա ամենաբարձր ցուցանիշն է:
Գործակցությունն ակտիվ է եղել նաև էներգետիկայի ոլորտում, նոր ոլորտներում ևս պատրաստ են ներդրում անել՝ տուրիզմ, գյուղատնտեսություն, անշարժ գույք, ծառայություններ: Իսկ այս ծրագրով տեքստիլ արդյունաբերության մեջ նախատեսվում է բարձրացնել մրցակցությունը, որակը, նաև արտահանման ծավալները: Օրինակ՝ 2012-ին Հայաստանից 20 մլն դոլարի տեքստիլ արտադրանք էր արտահանվում, 2021-ին՝ արդեն 9 անգամ ավելի: Հայաստանում այսօր արդեն կարվում են հանրահայտ բրենդների հագուստներ, օրինակ՝ «Զառա», «Մոնկլեր», «Ջենիֆեր»:
Հովսեփ Պատվականյան, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար - Տեքստիլ արդյունաբերության աջակցման նախագծի շրջանակում նախատեսվում է իրականացնել խնդիրների վերլուծություն, քարտեզագրում, առաջարկել ճանապարհային քարտեզ, որ արտադրողները կարողանան ավելի մրցունակ դառնալ արտաքին շուկաներում:
Վերջին 10 տարում տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է՝ միջինում 9 տոկոս: Եթե 2012-ին տեքստիլ արտադրող 92 փոքր և միջին ձեռնարկություն կար, վերջին տվյալով՝ ոլորտում ՓՄՁ-ների թիվը կնրկնապատկվել է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան