Համաշխարհային տնտեսությունը՝ ի դեմս ֆոնդային բորսաների, լարված սպասում է կենտրոնական բանկերի քայլերին: Գնաճի ցուցանիշը տարբեր երկրներում գերազանցել է պատմական ռեկորդը: Թանկացումը զսպելու նպատակով կարգավորող մարմինները ստիպված են բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետևանքով տնտեսական աճը փաստացի դանդաղելու է, քանի որ բարձրանալու է տնտեսությունը սնող գումարների տոկոսադրույքը:
Միջազգային շուկան սովորաբար առավել զգայուն է արձագանքում Միացյալ Նահանգների դաշնային պահուստների համակարգի քաղաքականությանը: Կառույցն ավելի վաղ ազդարարել էր՝ 2022-ին պատրաստվում է երեք անգամ վերանայելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նախօրեին այս կառույցը հայտարարել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի ագրեսիվ բարձրացման անհրաժեշտության մասին:
Քրիստոֆեր Ուոլլեր (ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի կառավարիչ) - Եթե գնաճի բարձր մակարդակը պահպանվի, հնարավոր է 2022 թ. ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի 4-5 բարձրացում լինի: Բայց եթե երկրորդ կիսամյակում ինֆլյացիան նահանջի, կարելի է դադար վերցնել և նույնիսկ հրաժարվել երրորդ բարձրացումից:
Ապրանքների նկատմամբ բարձր պահանջարկը, մատակարարման շղթաների խափանումը և տարբեր ապրանքատեսակների դեֆիցիտը Միացյալ Նահանգներում հանգեցրել է մի իրավիճակի, երբ երկրում գրանցվել է վերջին տասնամյակներում ինֆլյացիայի ամենաբարձր ցուցանիշը: ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալով՝ նախորդ տարեվերջին այն հասել է 7 տոկոսի:
Պակաս դրամատիկ չէ իրավիճակը Եվրոպայում և Ռուսաստանում: Հին աշխարհամասը ուշադրությամբ հետևում է զարգացումներին Միացյալ Նահանգներում և հաճախ կրկնօրինակում Վաշինգտոնի քաղաքականությունը:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակաբար բարձրացվում է նաև Ռուսաստանում: Ցուցանիշն արդեն հասել է 8,5 տոկոսի: Պատճառը կրկին ինֆլյացիան է՝ 8.4 տոկոս:
Հայաստանի կենտրոնական բանկը նախորդ տարի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է 5 անգամ: Եթե տարեսկզբին ցուցանիշը 5 տոկոս էր, տարեվերջին այն հասել է 7,75%-ի: Պատճառը կրկին գնաճն է: 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում ապրանքները և ծառայությունները միջինում թանկացել են 7.2%-ով։ Կենտրոնական բանկը գնաճը զսպելու գործիքակազմին տիրապետող հիմնական կառույցն է, և 2021-ի քաղաքականությունը ստեղծված վիճակի արձագանքն էր՝ նկատում է տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - 2021 թվականին էլ ԿԲ-ի գործողությունները այսպես օպերատիվ բնույթ են կրել: Կարծում եմ՝ նույն իրավիճակը կպահպանվի նաև 2022 թվականին: Ավելի շատ առկա ռիսկերով պայմանավորված փոփոխություններ կփորձեն իրականացնել:
Չնայած գլխավոր դրամատունը երկարաժամկետ ռազմավարություն ունի, այս տարի կարճաժամկետ գործոնները նույնպես գերիշխող կլինեն՝ կարծում է Քթոյանը: Ըստ էության, հենց գնաճով է գլխավորապես պայմանավորված լինելու վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակը 2022-ին: Ներքին վիճակի վրա կարող են ազդել նաև արտաքին զարգացումները:
Արմեն Քթոյան - Շատ բան կախված է նրանից, թե այլ երկրները, որոնց հետ դու առևտուր ունես, ինչ քաղաքականություն են իրականացնում: Չի բացառվում, որ ցածր լիրայի պարագայում մեր շուկայում ճնշումներ լինեն, և այդ պայմաններում ԿԲ-ն որոշի իջեցնել տոկոսադրույքը՝ այդ ճնշումները մեղմելու համար:
Կենտրոնական բանկը 2022 թվականի համար՝ որպես գնաճի թիրախային ցուցանիշ, ամրագրել է 1,5-4 տոկոսը: Միաժամանակ, Կառավարությունը այս տարվա համար թիրախավորել է 7 տոկոս տնտեսական աճ: