Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան:
«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի աշխատանքին»,- պատասխանել են ԵԱՀԿ նախագահությունից:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն կասեցնելու է Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձերը: «Համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն լուծեցինք այդ խնդիրը»,- ասել էր Ալիևը՝ նշելով, թե այժմ Մինսկի խումբը զբաղված է իր ստեղծման 30-ամյակի միջոցառումների նախապատրաստմամբ: