ՊԵԿՐԵՍՆ ԱԼԻԵՎԻ ԴԵՄ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ, նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ՝ իր հասցեին հնչած «սպանության սպառնալիքի» պատճառով։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա էր հանձնել Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի համար։ Իլհամ Ալիևն էլ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել էր է, որ եթե Բաքուն իմանար այդ այցի մասին, ապա Պեկրեսին «թույլ չէին տա» վերադառնալ Ֆրանսիա։
Ալիևի հայտարարությունը բուռն արձագանքի է արժանացել Ֆրանսիայի քաղաքական և հանրային գործիչների շրջանում:
ԵՄ-Ն ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Անվտանգության ճարտարապետության վերանայումը խելահեղ գաղափար չէ՝ հայտարարել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը: Նա խոսքով՝ 1975 թ. Հելսինկիի համաեվրոպական հանդիպումից հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել:
«Հնարավոր է այնպես անել, որ բոլոր կողմերը գոհ մնան։ Սակայն անհրաժեշտ է ավելացնել անվտանգության ճարտարապետության վերանայման գործընթացում ներգրավված մասնակիցների թիվը»,- ընդգծել է նա։ Ըստ նրա՝ եվրոպական անվտանգությունը չպետք է քննարկվի առանց եվրոպացիների մասնակցության:
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստվում է առաջարկներ նախապատրաստել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանք հունվարի 24-ին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում:
ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 15 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Կիևի Պեչյորսկի շրջանային դատարանը հունվարի 19-ին կհրապարակի պետական դավաճանության գործով Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշումը։
Պորոշենկոն Կիև է ժամանել Վարշավայից հունվարի 17-ին։ Նույն օրը նրա գործով կայացած նիստը տևել է 11 ժամ։ Ուկրաինայի հինգերորդ նախագահի խոսքով՝ ինքը հոժարակամ է ժամանել դատարան և առիթ չի տվել մտածելու, թե խուսափում է արդարադատությունից։
2021 թվականի դեկտեմբերին Պորոշենկոն կասկածյալի կարգավիճակ էր ստացել պետական դավաճանության գործով, որը հարուցվել էր «2014-2015 թվականերին ռազմական գործողությունների պայմաններում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ ածուխի մատակարարման մեղադրանքով»։ Պորոշենկոն հերքում է բոլոր մեղադրանքները։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ ՏԱՐԵՑՆԵՐԸ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ
Հունաստանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձրել են պարտադիր 60 տարեկանից բարձր բնակիչների համար, իսկ պատվաստումից հրաժարվողներին տուգանքներ են սպառնում։ Մինչև հունվարի վերջ տուգանքը կկազմի դեռևս 50 եվրո, իսկ հաջորդ ամիսներին արդեն՝ 100 եվրո։ Ներկայումս պատվաստված է հույների մոտ երկու երրորդը: Կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի տարածման պատճառով մահացության և ամենօրյա հոսպիտալացումների թիվն աճել է:
Փետրվարից 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա Ավստրիայում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը՝ ներկայացնելով համապատասխան օրինագիծը։ Նրանք, ովքեր կհրաժարվեն պատվաստումից, ստիպված կլինեն վճարել 600-3600 եվրո տուգանք: Պարտադիր պատվաստումը չի վերաբերում հղիներին և բժշկական հակացուցում ունեցող անձանց: