Սևանում սիգի ձվադրման ժամանակաշրջանն ավարտվել է, սակայն որսը դեռ թույլատրված չէ. շրջակա միջավայրի նախարարի հրամանն է անհրաժեշտ: Նախարարություն, ոստիկանություն, բնապահպանական տեսչական մարմին, «Սևան» ազգային պարկ, մարզպետարան, համայնքապետարաններ, Երևանի քաղաքապետարան՝ սիգի արգելված որսաշրջանին այս գերատեսչություններից բազմաթիվ աշխատողներ էին հետևում:
Վրեժ Գալոյան (Բնապահպանության և ընդերքի պահպանության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Արդյունքում առգրավվել են շուրջ 2600 սիգ ձկնատեսակ, ինչպես նաև «Սևան» ազգային պարկից հավաքվել են շուրջ 154 ձկնորսական ցանց:
Որքան էլ մինչև որսաշրջանի արգելքը տեղեկացրին, միևնույն է՝ ապօրինի ձկնորսության դեպքեր եղել են: Խստացված ստուգումներն արդյունավետ են եղել՝ ասում են բնապահպանները:
2020-2021 թթ. արգելված որսաշրջանում հայտնաբերվել էր 3900, 2021-2022 թթ. արգելքի շրջանում՝ 2600 սիգ: Ոչ միայն Երևան-Սևան, այլև Սևանից այլ մարզեր տանող ճանապարհներին տեղադրվել էր 5 հենակետ: Ձուկը վաճառվում էր ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի շուկայամերձ տարածքներում: Զգալի մասը հայտնաբերվել է մայրաքաղաքում:
Էդգար Պետրոսյան (ՀՀ ոստիկանության ՀԱԱԳՎ պետի տեղակալ ՀԿԱՎ վարչության պետ) - Միջոցառումների ավարտին արդեն թվով 29 նյութեր են նախապատրաստվում՝ Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով: Այս տարի միջոցառումների արդյունավետությունն աննախադեպ էր այն առումով, որ սիգ ձկան ապօրինի արդյունահանման փաստեր արձանագրվեցին հենց Սևանա լճի վրա՝ 5 փաստ:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության համար, սակայն, ստուգումները շարունակվում են: Շրջակա միջավայրի նախարարի՝ որսաշրջանի մեկնարկի մասին հրաման չկա, սակայն Երևանում սիգ են վաճառում, ինչը բացահայտվում է փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում: Առևտրի վարչությունում հատ-հատ գիտեն, թե Երևանի որ հատվածում են սիգ վաճառում:
Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ) - Տարբեր վարչական շրջաններում՝ և՛ Արաբկիրում և՛ Կենտրոնում, և՛ Նոր Նորքում և՛ Շենգավիթում, եղել են դեպքեր, երբ նկատել ենք ու մոտեցել ենք, արդեն փախուստի են դիմել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ջանքերով հայտնաբերվել է 1050 հատ սիգ՝ 440 կգ քաշով:
Պատահել է նույնիսկ դեպք, երբ մատակարարն անձամբ է վերավաճառողին փոխանցել սիգը՝ ասում է առևտրի վարչության ղեկավարը: Քանի դեռ որսաշրջանը թույլատրված չէ, սիգի ապօրինի արդյունահանման քրեական պատասխանատվությունն ուժի մեջ է: