Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը և մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այցելել են Վերիշենի և Գորայքի միջնակարգ դպրոցներ։
Առիթը արդեն երկրորդ տարին մարզպետարանի կողմից անցկացվող մարզի «Լավագույն դպրոց» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքում հաղթած դպրոցներին ու մանկավարժներին պարգևատրելն էր։
Սյունիքում 2020-2021 ուսումնական տարվա «Լավագույն դպրոց» է ճանաչվել Վերիշենի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղում Ագարակի միջնակարգ դպրոցն է, 3-րդը Գորայքի միջնակարգն է։ Լավագույն դպրոցների տնօրեններին փոխանցվել են գավաթներն ու շնորհակալագրեր, պարգևատրվել են նաև Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններից լավագույնը ճանաչված մանկավարժները։
Կրթօջախներն ընտրվել են կոնկրետ չափորոշիչների ու տվյալ ուստարում գրանցած արդյունքների հիման վրա․ հաշվի են առնվել մեդալակիրների, կարմիր վկայականներով շրջանավարտների, գովասանագիր ստացած աշակերտների, տարակարգ ստացած ուսուցիչների, կամավոր ատեստավորված ուսուցիչների, դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտների թվերը։ Գորայքի ու Ագարակի դպրոցներն արդեն երկրորդ անգամ են մարզի լավագույն դպրոց ճանաչվում։