Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավական օգտակար է համարել Գերմանիայի արտգործնախար Աննալենա Բերբոքի հետ բանակցությունները, որոնց ժամանակ անդրադարձ է եղել բոլոր այն հարցերին, որոնց շուրջ Մոսկվան ու Բեռլինը տարաձայնություններ ունեն: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ չնայած հակասություններին՝ Ռուսաստանը և Գերմանիան կարող են առաջ շարժվել հարաբերությունների զարգացման գործում:
Լավրովի խոսքով՝ ԱԳ նախարարներն անդրադարձել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկած փաստաթղթերի նախագծերին:
«Մտահոգություն եմ հայտնել Ռուսաստանի Դաշնությանը զսպելու՝ ՆԱՏՕ-ի ուղեգծի առնչությամբ: Այդ կապակցությամբ նախարարի ուշադրությունն եմ հրավիրել և բավական մանրամասն խոսել այն նախաձեռնությունների մասին, որոնք ռուսական կողմը ներկայացրել է անվտանգության հուսալի իրավական երաշխիքների համաձայնեցման վերաբերյալ»,- ասել է դիվանագետը բանակցություններից հետո:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների սպառնալիքը «զգացմունքային է», իսկ անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսություն առաջարկելով՝ Ռուսաստանը որևէ մեկին չի սպառնում:
Աննալենա Բերբոքն իր հերթին նշել է, որ Բեռլինը պատրաստ է Ռուսաստանի հետ լուրջ երկխոսություն վարելու անվտանգության փոխադարձ քայլերի շուրջ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, եթե էներգետիկ հարցերը Ռուսաստանն օգտագործի որպես «զենք», ապա դա կհանգեցնի բացասական հետևանքների «Հյուսիսային հոսք 2» նախագծի համար:
Կողմերն անդրադարձել են նաև Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին: Բերբոքը նշել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի «փրկության» համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, և բանակցություններում առաջընթաց է հարկավոր: