Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ, նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ՝ իր հասցեին հնչած «սպանության սպառնալիքի» պատճառով։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա էր հանձնել Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի համար։ Իլհամ Ալիևն էլ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Բաքուն իմանար այդ այցի մասին, ապա Պեկրեսին «թույլ չէին տա» վերադառնալ Ֆրանսիա։ Ալիևի հայտարարությունը բուռն արձագանքի է արժանացել Ֆրանսիայի քաղաքական և հանրային գործիչների շրջանում:
*****
Կովկասում հարևանների հետ սահմանները կարևոր նշանակություն ունեն Իրանի անվտանգության համար՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին։ «Փորձը ցույց է տվել, որ երկրների սահմանների փոփոխությունը ճգնաժամի պատճառ է դառնում, իսկ դրա վերջն անհայտ է: Հարավային Կովկասում մեզ սահմանակցում են Ադրբեջանն ու Հայաստանը: Մենք չենք հանդուրժի սահմանների որևէ փոփոխություն»,- ընդգծել է պաշտոնյան:
*****
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորման խնդիրը՝ հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջին այցը Կիև: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգությունն ապահովող երաշխիքների տրամադրման հարցերով կայացած շփումների մասին: Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել, որ հաջողվել է իրավիճակն արագ կայունացնել, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ:
*****
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրում զանգվածային անկարգություններից հետո առաջին անգամ տեսաուղերձով դիմել է հանրությանը։ «Ես Ղազախստանի մայրաքաղաքում եմ և ոչ մի տեղ չեմ մեկնել»,- նշել է Ղազախստանի առաջին նախագահը՝ հավելելով, որ երկրի վերնախավի շրջանում որևէ հակամարտություն կամ առճակատում չկա: Նրա խոսքով՝ Ղազախստանում ամբողջ իշխանությունը պատկանում է ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը հանդիսանում է նաև երկրի անվտանգության խորհրդի ղեկավարը: Առաջիկայում Տոկաևը կընտրվի նաև «Նուր Օթան» կուսակցության նախագահ։ Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանում անկարգությունների նպատակն է եղել ոչնչացնել երկրի ամբողջականությունն ու պետականության հիմքերը։ Նա կոչ է արել աջակցել Տոկաևի առաջարկած բարեփոխումների ծրագրին, որն ուղղված է ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:
*****
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է 2022թ. փետրվարի երկրորդ կեսին երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների հարցով հանրաքվեն անցկացնելու վերաբերյալ լուրերը:
Բելառուսի նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել է դեկտեմբերի 27-ին: Փաստաթղթով առաջարկվում է փոփոխություններ կատարել երկրի հիմնական օրենքի հոդվածների գրեթե կեսում։ Փոփոխություններով նախատեսվում է կառավարման նախագահական ձևի պահպանումը, միաժամանակ հստակեցվում են պետության ղեկավարի, խորհրդարանի և կառավարության գործառույթներն ու լիազորությունները։