Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկարատև բացակայությունից հետո տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ որևէ տեղ չի մեկնել և գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում:
Նրա խոսքով՝ Ղազախստանում ամբողջ իշխանությունը պատկանում է ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը նաև երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարն է:
«Առաջիկայում Տոկաևը կընտրվի «Նուր Օթան» կուսակցության նախագահ։ Հետևաբար վերնախավում ոչ մի հակամարտություն կամ դիմակայություն չկա։ Այդ մասին լուրերը բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Նազարբաևը։
Առաջին նախագահի խոսքով՝ իր գլխավոր նպատակը մշտապես եղել է երկրում կայունությունն ու հանգստությունը: Նա նաև կոչ է արել աջակցել Տոկաևի առաջարկած բարեփոխումների ծրագրին, որը, ըստ Նազարբաևի, ուղղված է ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելուն: