Հյուսիսատլանտյան դաշինքը հրապարակել է «Տիեզերքում ՆԱՏՕ-ի համապարփակ քաղաքականությունը», որում ամրագրված են կազմակերպության հավաքական պաշտպանության սկզբունքները տիեզերական տարածությունում տարածելու մտադրությունը, ներառյալ՝ 5-րդ հոդվածը, փոխանցում է РИА Новости-ն:
Ռազմավարությունը համաձայնեցվել է դեռ 2019 թ.։ Տիեզերքում սպառնալիքներին համատեղ արձագանքելու մասին որոշումը, այդ թվում՝ 5-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, ընդունվել է 2021 թ. հունիսին՝ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին: Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում դաշինքի վրա:
Նշվում է, որ տիեզերական հարձակումների հետևանքները կարող են սպառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և եվրատլանտյան գոտու բարգավաճմանը, անվտանգությանը, կայունությանը և կարող են նույնքան կործանարար լինել, որքան սովորական սպառազինության կիրառման հետևանքները:
«Նման հարձակումները կարող են հանգեցնել 5-րդ հոդվածի գործարկմանը։ Այդ մասին որոշումը կընդունվի Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից յուրաքանչյուր առանձին դեպքի համար»,- ընդգծվում է փաստաթղթում: Այն արտացոլում է նաև ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ տիեզերքն ինտեգրելու դաշինքի Հավաքական անվտանգության և պաշտպանության համակարգ՝ կիբեռտարածության, ծովային, օդային և ցամաքային միջավայրի հետ:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ տիեզերքում ՆԱՏՕ-ի գործունեությունը կիրականացվի միջազգային իրավունքի շրջանակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության: