Հունվարի 10-ին՝ ժամը 16-ի սահմաններում, մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը ցանկանում է ստանալ։
«Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել էր, որ նրա անունով ծանրոց չկա, ինչից հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել էր հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը։
Ներկաներից մեկն ահազանգել էր ոստիկանություն։
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խմբերը պարզել են կատարվածի հանգամանքները։
Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ կերպով ճշտել են տղամարդու ինքնությունն ու ձեռնարկել որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Հունվարի 14-ին Մարաշի ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերել են ու բերման ենթարկել։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվել, ապա կալանավորվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է: