Այս տարի աշխարհում 207 միլիոն մարդ գործազուրկ կլինի. ըստ ՄԱԿ-ի աշխատանքի միջազգային կազմակերպության՝ սա 21 միլիոնով ավելի է նախահամավարակային տարվա ցուցանիշից: Պատճառը կորոնավիրուսն է. յուրաքանչյուր նոր ալիքը թարմացնում, ավելացնում է գործազրկության մակարդակը:
Հայաստանում ևս Քովիդի պատճառով գործարարները բազմաթիվ խնդիրների բախվեցին, սակայն աշխատաշուկայի տվյալները ոչ միայն չնվազեցին, այլ նույնիսկ որոշակի աճ գրանցվեց. վերջին տվյալով՝ 654 հազար եկամուտ ապահոված աշխատատեղ:
Գագիկ Մակարյան, Գործատուների հանրապետական միության նախագահ - Եվրոպան և որոշ երկրներ շատ ահաբեկվեցին կորոնավիրուսի հետևանքների հետ կապված, և իրենք շատ խիստ լոքդաուններ սահմանեցին: Հայաստանը մի քիչ ավելի ազատ վերաբերվեց այս կորոնավիրուսի ազդեցությանը, ավելի հեշտ վերաբերվեց և դա փրկեց տնտեսությունը:
Հայ գործարարները ճկուն էին՝ ասում է Մակարյանը, կարողացան արագ վերականգնվել. աշխատատեղերը հիմնականում պահպանեցին, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ ակտիվություն գրանցվեց, ինչն, իր հերթին, ազդեց աշխատատեղերի աճի վրա:
Գագիկ Մակարյան - Հայաստանի դեպքում կա մի քանի ֆենոմեն, առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել: Առաջինն այն է, որ ընկերություններն էականորեն ձգտեցին դառնալ ավելի թափանցիկ, որպեսզի կարողանան օգտվել նաև պետական միջոցառումների ծրագրից, որոնք ուղղված էին կորոնավիրուսի հաղթահարմանը: Կառավարությունը բազմազան ծրագրեր գործարկեց, մոտ 24 ծրագիր՝ ուղղված կորոնավիրուսի հաղթահարմանը:
Տեխնիկա վաճառող երևանյան խանութներից է: Ընկերության հիմնադրի խոսքով՝ պանդեմիայի շրջանում աշխատատեղերը պահելու տեսանկյունից բիզնեսի համար չափազանց կարևոր էր մարտահրավերներին համարժեք արձագանքելը:
Ներսես Ավդալյան, տեխնիկա վաճառող և տեխնոլոգիաներ մշակող ընկերության հիմնադիր - Երբ Քովիդն սկսվեց, քանի որ մենք օգտագործում ենք արհեստական բանականության սեփական տեխնոլոգիաներ, ամբողջ կազմակերպությունն ադապտացնել Քովիդի պայմաններում աշխատելուն տևեց ընդամենը 7-8 օր, իսկապես 7-8 օր, և կարող եմ հպարտությամբ ասել՝ պահեր են եղել, երբ 5 հոգով 30-40 հոգանոց անձնակազմի փոխարեն աշխատել ենք և ոչ մեկին չեմ հանել աշխատանքից:
Ընկերությունում պատրաստ են նոր աշխատակիցներ ընդունել՝ 9 թափուր հաստիք ունեն, համապատասխան մասնագետներ չեն գտնում: Ըստ Ավդալյանի՝ պետությունն այս առումով անելիք ունի, պետք է կամուրջ ստեղծի գործատուների և կրթության ոլորտի միջև:
Ներսես Ավդալյան - Մենք մեծացել ենք, մեր ընկերությունը մեծացել է, մեր աշխատանքը շատացել է, մենք ամեն օր զբաղվում ենք աշխատանքի օպտիմիզացիայով, պատրաստվում ենք նոր իրավիճակների:
Կորոնավիրուսի նոր մարտահրավերներին համաշխարհային բիզնեսը փորձում է հարմարվել, հայկականը՝ նույնպես: Մեր երկրում կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով՝ կառավարությունը երկու տասնյակից ավելի հակաճգնաժամային միջոցառումներ իրականացրեց, ինչը հնարավորություն տվեց մեղմել վնասները, պահպանել աշխատատեղերն ու մտածել բիզնեսը զարգացնելու նոր ուղղությունների մասին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան