ՉԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՆՑԻ ՊԱՇՏՈՆՅԱ
Կովկասում հարևանների հետ սահմանները կարևոր նշանակություն ունեն Իրանի անվտանգության համար՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին։ «Փորձը ցույց է տվել, որ երկրների սահմանների փոփոխությունը ճգնաժամի պատճառ է դառնում, իսկ դրա վերջն անհայտ է: Հարավային Կովկասում մեզ սահմանակցում են Ադրբեջանն ու Հայաստանը: Մենք չենք հանդուրժի սահմանների որևէ փոփոխություն»,- ընդգծել է պաշտոնյան:
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Եվրախորհրդարանի նախկին փոխխոսնակ, Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մետսոլան ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ են քվարկել 690 պատգամավորից 458-ը։
Մետսոլան 1999 թվականից ի վեր Եվրախորհրդարանի առաջին կին նախագահն է։ Եվրոպական խորհրդարանի նախորդ նախագահը` Դավիթ Սասոլին, մահացել էր 2022 թվականի հունվարի 11-ին։
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՍԱՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարյան իրադարձություններից հետո առաջին անգամ տեսաուղերձով դիմել է հանրությանը։ «Ես Ղազախստանի մայրաքաղաքում եմ և ոչ մի տեղ չեմ մեկնել»,- նշել է Ղազախստանի առաջին նախագահը՝ հավելելով, որ երկրի վերնախավի շրջանում որևէ հակամարտություն կամ առճակատում չկա: Նրա խոսքով՝ Ղազախստանում ամբողջ իշխանությունը պատկանում է ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը հանդիսանում է նաև երկրի անվտանգության խորհրդի ղեկավարը: Առաջիկայում Տոկաևը կընտրվի նաև «Նուր Օթան» կուսակցության նախագահ։
Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանում անկարգությունների նպատակն է եղել ոչնչացնել երկրի ամբողջականությունն ու պետականության հիմքերը։ Նա կոչ է արել աջակցել Տոկաևի առաջարկած բարեփոխումների ծրագրին, որն ուղղված է ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՑԻ ԳԻՆԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Թուրքիայում էժան հացի հերթերը շարունակում են աճել։ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ու լիրայի արժեզրկման պայմաններում հացի գինը շարունակում է բարձրանալ՝ էլ ավելի մեծացնելով երկրում տիրող սոցիալական լարվածությունը։ Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, էժան հացի կրպակներ են բացվել, որտեղից հաց գնելու համար մարդիկ ստիպված են երկար կանգնել հերթում։
ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Ինդոնեզիայի խորհրդարանը հաստատել է մինչև 2024 թվականը երկրի մայրաքաղաքը տեղափոխելու մասին օրինագիծը: Նոր մայրաքաղաքը կլինի Կալիմանտան կղզու արևելքում և կկոչվի Նուսանթարա: Մայրաքաղաքի տեղափոխումը կարժենա 32.5 միլիարդ դոլար:
Նման մտադրության մասին երկրի կառավարությունն առաջին անգամ հայտարարել էր 2019 թվականին։ Որոշումը պայմանավորված է Ջակարտայի գերբնակեցվածությամբ ու խցանումներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ մայրաքաղաքը տարեկան մոտ 15 սանտիմետրով անցնում է ջրի տակ: