Եվրոպական անվտանգության ճարտարապետության փոփոխությունը կարող է օգուտ բերել դրա բոլոր մասնակիցներին։ Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում։
Նրա խոսքով՝ 1975 թ. Հելսինկիի համաեվրոպական հանդիպումից հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել:
«Հունվարի 24-ին նախատեսված է ԵՄ արտաքին գործերի նախարարների մակարդակով հերթական խորհրդակցությունը։ Մենք պետք է անվտանգության ճարտարապետության վերաբերյալ առաջարկություններ պատրաստենք նման անհրաժեշտության առաջացման դեպքում»,- ասել է պաշտոնյան:
Անդրադառնալով Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններին՝ նա նշել է, որ Եվրամիությունը չի հավակնում մասնակցել այդ քննարկումներին, բայց եթե դրանք շարունակվեն, ապա ԵՄ-ն պետք է լինի դրանց մասնակիցը։ «Եվրոպական անվտանգությունը չպետք է քննարկվի առանց մեր մասնակցության: Ոչ մի որոշում չի կարող ընդունվել՝ առանց եվրոպացիների մասնակցության»,- հավելել է Բորելը: