Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփեց պետնախարարության կատարած աշխատանքները:
«Բյուջեի ծախսային մասը 215.8 մլրդ է, որը ի տարբերություն 2019-2020 թվականների բյուջեների՝ գրեթե կրկնապատիկ աճել է: Պատերազմով պայմանավորված՝ մի մասն ուղիղ կամ անուղղակի կերպով ուղղվել է սոցիալական խնդիրների լուծմանը՝ աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացման տեսքով, նաև բնակարանաշինություն, կապիտալ ներդրումներ: Այս բյուջեն հնարավորություն է տալիս մեկնարկային պայմանները կամ հիմքն ամուր ստեղծելու, այդ թվում՝ զարգացման ենթակառուցվածքներն ապահովելու համար»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ ֆինանսական ռեսուրսի, հատկապես ներդրումների մասով դժվարություններ կան:
Անդրադառնալով բյուջետային ծրագրերին՝ նա առանձնացրեց քաղաքացիների վարկային պարտավորությունների հետ կապված պետական ծրագիրը:
«Առաջին հերթին պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում արդեն բավականին աշխատանք կատարվել է, և Արցախի ներդրումային հիմնադրամն արդեն ստացել է 46956 հայտ, որից 8352 հայտն արդեն բավարարվել է՝ ավելի քան 10 մլրդ դրամի շրջանակներում»,- ասաց Արցախի պետնախարարը:
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն 9300 հայտ է ստացվել, որից հունվարի 1-ի դրությամբ 1349 հայտ արդեն բավարարվել է՝ ընդհանուր 6 մլրդ 722 մլն դրամի չափով:
«Հաջորդը բնակարանային ծրագիրն է՝ զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամ և անօթևան քաղաքացիների համար: Ծրագիրն արդեն մեկնարկել է, այս ծրագրի ու ընդհանուր բարեփոխման շրջանակներում իմ կողմից անմիջապես կառավարվել և համակարգվել են բնակարանային հարցերի կոմիտեի ձևավորման աշխատանքները: Հիմա հնարավորինս կանոնակարգում ենք բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները: Առաջիկա ամիսներին ամբողջությամբ կկարողանանք այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն»,- նշեց Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ապա այդ մասով որոշակի աշխատանքներ տարվել են, բայց Բեգլարյանը դրանք բավարար չի համարում. «Միանշանակ, բնակարանային խնդրից հետո հաջորդ խնդիրն իր առաջնահերթությամբ զբաղվածությունն է: Բնակարանային մասով այս տարի կառուցման փուլում են 2862 բնակարաններ, չհաշված, որ անցած տարի էլ բավականին բնակարաններ ժամանակավոր կամ վերջնական պատրաստվել և տրվել են տեղահանված անձանց»:
Զբաղվածության տեսանկյունից որոշ վարկային կամ դրամաշնորհային ծրագրեր արդեն մեկնարկել են, բայց դեռևս ծավալների խնդիր կա: «Որպեսզի տեղահանված անձինք կարողանան իրենց զբաղվածությունն ապահովել, պլանավորում ենք մեծ ծավալի, այդ թվում՝ բարեգործական միջոցներով, ջերմոցների կառուցում, ներդրում: Բայց այստեղ խնդիր ունենք կարողությունների պատրաստման տեսանկյունից: Հիմա քննարկումների փուլում ենք մասնագիտացված խմբերի հետ, որպեսզի կարողանանք ինստիտուցիոնալ և ամբողջական լուծում տալ հատկապես ջերմոցների ծրագրերին»,- նշեց նա:
Բեգլարյանի խոսքով՝ ամենաէական խնդիրը կանանց զբաղվածության հարցն է, քանի որ տղամարդկանց համար մեծ պահանջարկ կա շինարարության ոլորտում, ուժային կառույցներում, այդ թվում՝ առաջնագծի պաշտպանության գործում:
Տեքստիլում կա կանանց աշխատանքի պահանջարկ, որը աշխատավարձի ցածր լինելու պատճառով չի բավարարվում:
«Հիմա քննարկում ենք, թե ինչպես ավելի բարձր աշխատավարձով աշխատանքներ կարողանանք ապահովել»,- ասաց նա: