Բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և հիմնարկից դուրս իբր աշխատանքի անցած դատապարտյալները մի շարք խախտումներ են թույլ տվել: Գլխավոր դատախազությունից նշում են՝ ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի որոշ դատապարտյալներ պետի թույլտվությամբ աշխատանքային պայմանագրեր են կնքել տարբեր ԱՁ-ների հետ, աշխատանքի անցել այդ գործատուների մոտ, սակայն իրավասու մարմինների ստուգայցերի ժամանակ նրանք աշխատավայրում չեն եղել:
Մեկ այլ դեպքում դատապարտյալը ստացել է ուղղիչ հիմնարկից դուրս տեղաշարժվելու թույլտվություն, աշխատանքային պայմանագիր կնքել՝ իբր որպես վարորդ աշխատելու համար։ Մինչդեռ դատախազությունից պարզել են՝ տվյալ անձը անգամ վարորդական իրավունքի վկայական չունի։
Արայիկ Բրուտյան (ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ) - Ունենք ԱՁ-ում որպես բանվոր գրանցված, որն իր գործունեությունը դադարեցրել է, բայց շարունակել է նույն աշխատանքային օրերին լքել ՔԿՀ-ն՝ աշխատանքի գնալու պատրվակով:
Առանձին դեպքում ստուգմամբ պարզվել է՝ դատապարտյալն աշխատավայրում չի գտնվել, իսկ ավելի ուշ ՔԿՀ վերադառնալուց հետո խուզարկության ժամանակ նրա ուսապարկում հայտնաբերվել է թմրանյութ: Հարուցվել է քրեական գործ, դատապարտյալը բաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է նույն ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկ։
Արայիկ Բրուտյան - Իսկ մյուսների վերաբերյալ ունենք միջնորդություններ՝ նրանց կիասաբաց հիմնարկներ տեղափոխելու հարցով:
Ըստ ուսումնասիրությունների՝ աշխատավայր մեկնելու պահից մինչև ՔԿՀ վերադառնալը գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների վարքագծի նկատմամբ որևէ հսկողություն չի իրականացվում, ինչը հակասում է պատժի կրման և դատապարտյալի ուղղման ծրագրի իրականացմանը։ Ըստ դատախազ Արայիկ Բրուտյանի՝ հիմնական պատճառն օրենքի բացն է:
Արայիկ Բրուտյան - Օրենսդրական կարգավորում չկա, այդ մասին եղել է ՔԿՀ պետի 2015 թվականի ցուցում՝ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ՝ ամիսը առնվազն 2 անգամ: Սակայն ինչ-ինչ պատճառով ցուցումի այդ մասը վերացել է, ու մինչև այժմ կարգավորում չկա:
Գլխավոր դատախազությունն այժմ քննարկում է ոլորտը կարգավորող իրավական ակտերում անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով օրենսդրական փոփոխությունների առաջարկ ներկայացնելու հարցը: