Արցախում զորակոչ լինելու է. հայտարարել է պետական նախարար Արտակ Բեգլարյանը ամփոփիչ ասուլիսի ընթացքում: Նա անդրադարձել է նաև Ալիևի վերջին հայտարարություններին՝ ընդգծելով, որ դրանք ուղղակի ծաղրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Ժամանակն է, որ այս երկրներն արդեն միակողմանիորեն, արբիտրի սկզբունքով՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու, ոչ միայն այցելեն Արցախ, այլ նաև ճանաչեն Արցախի անկախությունը կամ գոնե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, որը պարտադիր է հատկապես պատերազմից հետո:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱՐՑԱԽ
Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել միջազգային կառույցների ներկայացուցիչների այցը Արցախ: Բեգլարյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատերազմից հետո չեն եղել Արցախում հենց դրա հետևանքով:
Արտակ Բեգլարյան - Բնականաբար, դա Ադրբեջանի «շնորհքն» է: Նույնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, նույնը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի, նույնը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի և մի շարք այլ պաշտոնյաներ, որոնք հայտարարել են, որ պատրաստ են գալ Արցախ, նույնիսկ ժամկետներ էին նշում, բայց այդպես էլ չեկան:
ԱՐՑԱԽՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ
Անդրադառնալով Արցախի ներքին օրակարգին՝ Բեգլարյանը նշել է, որ նախագահի նախաձեռնությամբ արդեն սկսվել են քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները:
Արտակ Բեգլարյան - Իմ կարծիքով՝ տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ: Իհարկե, այս պարագայում որոշումը նախագահինն է՝ թե ե՛րբ ինքը գործընթացը կմեկնարկի:
ԱՐՑԱԽՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Պետական նախարարի աշխատակազմի գործունեությունն ամփոփելով՝ Բեգլարյանը նշել է, որ 2021 թվականին 3 խոշոր ծրագիր են իրականացրել: Պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների մարման ծրագրին հատկացվել է 10 միլիարդ դրամ:
Արտակ Բեգլարյան - Արցախի ներդրումային հիմնադրամն արդեն ստացել է 46956 հայտ, 8352 հայտն արդեն բավարարվել է՝ ավելի քան 10 միլիարդ դրամի շրջանակում:
Ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիներն ու կազմակերպություններն օգտվում են պետական ֆինանսական աջակցության ծրագրից։ 9300-ից բավարարվել է 1349 հայտ։
Արտակ Բեգլարյան - Ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոնի չափով, և այդ գումարից 2 միլիարդ 667 միլիոնը կանխիկ գումար է, 4 միլիարդ 54 միլիոնը՝ մուրհակի տեսքով:
Տեղահանված արցախցիների համար լայն թափով շարունակվում են բնակարանային ծրագրերը: Կառուցվում է 2862 բնակարան, որից 1071-ի շինարարությունը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: