Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Զորակոչ լինելու է, որևէ հակառակի մասին վկայող որոշում, քննարկում չկա: Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, նրանք ընդգրկվելու են ներքին անվտանգության հարցերում և, ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա, ըստ Բեգլարյանի, դրանց վերաբերյալ քննարկումները տարբեր շրջաններում եղել են, այդ թվում՝ պատերազմից հետո:
«Նախագահը քննարկումներ է սկսել քաղաքական ուժերի հետ, և այդ քննարկումների արդյունքում տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններն են:
«Իմ կարծիքով՝ վաղ թե ուշ տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ, իհարկե այս պարագայում որոշումը նախագահինն է՝ երբ մեկնարկել գործընթացը: Հիմնական հարցը, իմ կարծիքով, պետք է լինի Ազգային ժողովի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը, որովհետև հետպատերազմական վիճակով պայմանավորված միաժամանակ ընտրության անցկացումը հղի է լուրջ վտանգներով, և առանձնացման պարագայում այդ վտանգների մի զգալի մասը կարող է չեզոքանալ: Իմ կարծիքով՝ պետք է տեղի ունենան Ազգային ժողովի, այնուհետև նախագահի ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ մեկ այլ հարց, որը տարբեր քննարկումների փուլում է, կառավարման մոդելն է:
«Տարբեր տեսակետներ կան, որևէ որոշում դեռ չկա, երբ աշխատանքները կատարված լինեն, կարող ենք ասել հիմնական մոտեցումները»,- նշեց Բեգլարյանը:
Արցախի պետնախարարը ներկայացրեց իր համակարգման ներքո գտնվող ոլորտների աշխատանքները:
Բեգլարյանը նշեց, որ այս տարի պետական բյուջեում առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է 23.6 տոկոսով և դարձել 15.5 մլրդ դրամ: Նա հիշեցրեց, որ Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համապատասխան՝ հունվարի 1-ից բժշկական ցուցումով առողջապահական ծառայություններն ամբողջովին անվճար են: Անվճար բուժօգնության հետ կապված ԱՆ վերահսկողական մեխանիզմներն արդեն մասնակի ներդրված են, բայց ընթացքում բարելավվելու են:
Պետնախարարը նշեց, որ կրթության ոլորտում բյուջեն 2022 թ. ավելացել է 17.6 տոկոսով՝ դառնալով 17 մլրդ 331 մլն 212 հազար, նախատեսվել է ուսուցիչների և կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով:
«Սեպտեմբերին նախատեսում ենք Արցախում հիմնել «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու և նրանց ուղիղ կառավարաման ներքո է լինելու: Նրանց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը:
Նա ընդգծեց նաև, որ սոցիալական ոլորտում կենսաթոշակները, պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով: