Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 8-16-ն անցկացրել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են շուրջ 430 երեխաներ, պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից:
Մասնակիցները մրցել են հետևյալ տարիքային խմբերով՝
Ա-5 մրցաշար – մինչև 8 տարեկան տղաներ.
Ա-4 մրցաշար – մինչև 10 տարեկան տղաներ.
Ա-3 մրցաշար – մինչև 12 տարեկան տղաներ.
Ա-2 մրցաշար – մինչև 14 տարեկան տղաներ և աղջիկներ.
Ա-1 մրցաշար – մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ.
Բ մրցաշար – մինչև 12 տարեկան աղջիկներ:
Հուշամրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարերի բոլոր հաղթողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 2.5մլն ՀՀ դրամ:
Հուշամրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրին ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ շրջել է մրցաշարի դահլիճում և հետևել մրցումներին:
Հունվարի 17-ին էլ ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարի շրջանակում անցկացվող շրջանային մրցաշարը:
Միջազգային գրոսմայստերի նորմայով անցկացվող մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը: Վերջինս լրացրել է նաև միջազգային գրոսմայստերի նորման:
Ռուսաստանը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Նիկիտա Պետրովը վաստակել է 6 միավոր՝ զբաղեցնելով 2-րդ տեղը, իսկ Վրաստանի ներկայացուցիչ, միջազգային գրոսմայստեր Զուրաբ Ստուրուան, իր ակտիվում ունենալով 5,5 միավոր, եզրափակել է լավագույն եռյակը:
Միջազգային վարպետի նորմայով անցկացվող մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Թորոսյանը, որը 7 միավոր է վաստակել և լրացրել միջազգային վարպետի նորման:
Հայաստանը ներկայացնող Արսեն Դավթյանը և Էրիկ Չաքրյանը վաստակել են 6-ական միավոր՝ կիսելով 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ միավորների հաշվարկից հետո Արսենը զբաղեցրել է 2-րդ, իսկ Էրիկը՝ 3-րդ հորիզոնականը: