Խորհրդային տարիներին ռուբլիով կուտակածը 83-ը բոլորած Ղուկաս Բուրսալյանը դրամով է ստացել նախորդ տարեվերջին, դեռ չի որոշել՝ ինչի վրա կծախսի: Խնամքով պահվող մեդալների հետ անցյալի հիշողություններն են՝ կոնստրուկտորից գլխավոր կոնստրուկտորի պաշտոնին: Հայ էլեկտրոյի վաստակավոր նորարարը Խորհրդային տարիներին ամեն ամսվա վաստակից մի կլորիկ գումար էր հետ գցել, կուտակել:
Ղուկաս Բուրսալյանի նման 1938-ին ծնված մոտ 1000 շահառու էլ դեռ հերթի մեջ է, շուտով կստանան: Հերթը հիմա 1939-ի մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներինն է, որոնք Խնայբանկում մինչև 93-ի հունվարի 10-ը ավանդ են կուտակել: Պետությունը 2022-ի համար նախորդ տարվա 1 մլրդ 200 միլիոն դրամի համեմատ այս տարի մեկ ու կես միլիարդ դրամ է հատկացրել:
Արմեն Մարգարյան, ՀՀ ԱՍՀՆ ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ - Ինչը նշանակում է, որ մեր պոտենցիալ շահառուների թիվն ամեն ամիս կավելանա: Եթե մեկ-երկու ամիս էին սպասում, հիմա ավելի քիչ կսպասեն: Շահառուների թիվը կլինի մոտ 600-650՝ կապված ունեցած խնայողություններից:
39-ին ծնված պոտենցիալ շահառուների թիվը դեռ հստակ չէ, ամեն օր դիմումները թարմանում, ավելանում են: Հստակ է՝ հունվարի դրությամբ, ծրագրի մեկնարկից հիմա, պետությունը 20.7 մլրդ դրամ է վերադարձրել, 2021-ին էլ ծրագիրը 100 տոկոսով է կատարվել:
Արմեն Մարգարյան - Ստացել են շուրջ 6000 շահառու, որից 5400-ը տարեցներ են, 80-ն ազատամարտիկներ են, սահմանամերձ համայնքների բնակիչներ են շուրջ 470-ը, և երկու զոհվածի ժառանգների:
Ավանդների հիմնական մասը մոտ 10 հազար ռուբլու սահմանում է, որի համար պետությունը տրամադրում է 216 000 դրամ: Մինչև 1000 ռուբլու դեպքում՝ 1 ռուբլին բազմապատկվում է 84 դրամով: Վճարման կարգն է բացատրում ծրագրի պատասխանատուն
Արմեն Մարգարյան - Այսինքն՝ եթե դու ունես 1000 ռուբլի, ստացվում է 84 000 դրամ, բայց չի նշանակում, որ 10 000-ի դեպքում պետք է ստանաս 840 000, ինչքան շատ է գումարը, այնքան նվազ գործակից է գործում: 10 000-ի դեպքում 216 000 դրամ է, դրանից ավելիի դեպքում ցանկացած ռուբլին բազմապատկվում է 4 դրամով:
Տարիքային այս խմբից բացի փոխհատուցման հատուկ կարգ է գործում սահմանների պաշտպանության մասնակիցների, զոհվածների ժառանգների և սահմանամերձ համայնքների բնակիչների համար՝ առանց տարիքային սահմանափակման: 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի թիվն ավելացել է:
Ամենատարածված հարցերից մեկը. եթե ավանդատուն կյանքից հեռացել է, չի ստացել հասանելիք գումարը, կարո՞ղ է արդյոք ժառանգն ստանալ: Այս դեպքում պարտադիր է, որ այդ շահառու-ավանդատուն նախապես վճարման ցուցակում ընդգրկված լիներ՝ բացատրում է պատասխանատուն:
Արմեն Մարգարյան - Եթե արդեն հերթագրվել է, մտել վճարման ցուցակ, բայց կյանքից հեռացել է, այդ դեպքում գումարն ստանում է նրա իրավահաջորդը:
38-ին ծնված Ղուկաս Բուրսալյանը 39-ին ծնված ընկերներին է փոխանցում փորձը՝ ավանդն ստանալու համար նախ դիմել Խնայբանկի իրավահաջորդ բանկին, հետո սոցիալական ծառայություն, գումարն ստանալ կանխիկ կամ անկանխիկ: