Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտ է բացվել։ Այդ կապակցությամբ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից զբոսաշրջության, արտասահմանում Ֆրանսիայի քաղաքացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար-պատվիրակ Ժան-Բատիստ Լըմուանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ֆրանսիան և Հայաստանը մարդկային եզակի կապեր են ձևավորել տասնամյակների և նույնիսկ դարերի ընթացքում։ Դրանք ավելի ամրապնդելու համար Էմանուել Մակրոնը ցանկանում էր Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ հիմնել, այժմ այն ստեղծվել է»,- գրել է նա:
Ֆրանսիական ինստիտուտի բացմանն անդրադարձել է նաև Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում իմ գտնվելու չորս տարիների ընթացքում նախագծվել, մշակվել ու «Ազնավուր» հիմնադրամի հետ իրականացրել եմ Երևանում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը: Ինստիտուտը թույլ կտա միավորել բոլոր այն ծրագրերը, որոնք երկու երկրների մշակութային հարաբերություններում իրենց ներդրումն ունեն, այն կիրականացնի ֆրանսիական մշակույթի և ֆրանսերեն լեզվի հանրայնացում»,- Facebook-ի իր էջում գրել է Լաքոտը:
Նրա խոսքով՝ ինստիտուտը նվիրվում է բոլոր այն հայերին, որոնք սիրում են Ֆրանսիան, այն ուսուցիչներին, որոնք Հայաստանում ֆրանսերեն են ուսուցանում, այն երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են ֆրանսիական մշակույթով, բոլոր նրանց, ովքեր իրենց տեսնում են այդ արժեքների մեջ: