Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ երկրի Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների հարցով հանրաքվեն նախատեսված է 2022 թ. փետրվարին՝ հայտնել է БЕЛТА գործակալությունը։
Լուկաշենկոն հստակեցրել է, որ հանրաքվեն կանցկացվի փետրվարի երկրորդ կեսին:
Բելառուսի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է դեկտեմբերի 27-ին: Փաստաթղթով առաջարկվում է փոփոխություններ կատարել երկրի հիմնական օրենքի հոդվածների գրեթե կեսում։
Փոփոխություններով նախատեսվում է կառավարման նախագահական ձևի պահպանումը, միաժամանակ հստակեցվում են պետության ղեկավարի, խորհրդարանի և կառավարության գործառույթներն ու լիազորությունները։ Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել կառավարության լիազորությունները և որոշումների կայացման հարցում նրա ինքնուրույնությունը։ Նախատեսվում է նաև Համաբելառուսական ազգային ժողովը, որն ի սկզբանե ստեղծվել է որպես ժողովրդի իշխանության հատուկ ձև, դարձնել սահմանադրական մարմին և այն օժտել լրացուցիչ գործառույթներով։