Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադրություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները քննարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով օրեր առաջ այցելել էր Կիև:
«Ես կխոսեմ Իլհամ Ալիևի հետ։ Անշուշտ, կարևոր է այդ հարցերը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ այդ տարածաշրջանն արդեն չի կարող կրել նոր պատերազմի բեռը։ Դա սխալ կլինի։ Ժամանակն է, որ պատերազմի սցենարն ամբողջությամբ բացառվի քաղաքական օրակարգից»,- հայտարարել է Էրդողանը՝ խոսելով Ալբանիա կատարած այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հնարավորության մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ հավանական չի համարում նման զարգացումը:
«Ի՞նչ արեց Ռուսաստանն Ուկրաինայում: Օկուպացրեց Ղրիմը: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա ես միշտ ասում եմ պարոն Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, որ մենք դեմ ենք Ղրիմ ներխուժմանը։ Մեր ԱԳՆ-ն մեր դիրքորոշումը փոխանցում է նաև ՌԴ գործընկերներին։ Այնպես որ, մեր քաղաքականությունն այս առումով պարզ է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։