Արցախի անկախության հարցը հնարավոր է հաջողել, եթե ամբողջ ազգով համապատասխան հեռատեսություն ու պրոֆեսիոնալիզմ ունենանք: Այդ մասին ամենամյա ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետությունը հեռանկար ունի, և այդ հեռանկարի երաշխիքը մեր այստեղ՝ այս հողի վրա ապրելը և արարելն է, և մեր հետևողականությունն է, որ կարողանանք պրոֆեսիոնալ, արդյունավետ կերպով մեր պետականությունն ամրապնդել, որը հեշտ ճանապարհ չէ: Բավականին դժվար ճանապարհ է մեզ սպասում, բայց, համոզված եմ, որ արդյունքները լինելու են»,- նշեց նա:
Խոսելով միջազգային հանրության հետ Արցախի կապի մասին՝ Բեգլարյանը նկատեց՝ հաճախ դրանք ոչ ֆորմալ շփումներ են, իսկ հիմնական շփումները, ինչպես միշտ, և՛ պատերազմից առաջ, և՛ հետո, տեղի են ունենում ՀՀ պետական մարմինների, հատկապես դիվանագիտական կորպուսի միջոցով:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ պատերազմից հետ Արցախի միջազգային մեկուսացումն ավելի է խորացել:
«Ադրբեջանն այդ ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առ այսօր Արցախ չեն այցելել, դա Ադրբեջանի «շնորհքն» է, նույնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի դեպքում, որոնք հայտարարել էին, որ գալու են Արցախ, նույնիսկ ժամկետներ էին նշել, բայց այդպես էլ չեկան, և բոլորի պատճառն Ադրբեջանի արգելափակումներն են»,- ասաց Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում բռնի պահվող անձանց հարցին, ապա Արցախի պետնախարարն ասաց հետևյալը.
«Իրականում շատ ցավոտ հարց է, շատ դեպքերում մեզնից կախվածություն չունեցող հարց է. ադրբեջանական կողմը, ոտնահարելով բոլոր միջազգային հիմնական նորմերը՝ և՛ մարդասիրական, և՛ մարդու իրավունքների, մարդկանց, քաղաքացիներին և զինծառայողներին պահում է այնտեղ: Բայց, ցավոք սրտի, իրենք մեր հայրենակիցներին օգտագործում են որպես պատանդներ, առևտրի լծակներ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի վրա: Այն դեպքերում, երբ մեր քաղաքացիական անձը մոլորվելու հետևանքով անցնում է ադրբեջանական կողմ, ուղիղ շփման միջոցով կամ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հիմնականում կարողանում ենք վերադարձնել: Ինչ վերաբերում է Խծաբերդում գերեվարված քաղաքացիներին, մենք ուղիղ ազդելու լծակներ չունենք, և հարցը բարձրացնում ենք ռուսական կողմի մոտ: Արդյունքներն այնքան էլ շոշափելի չեն»:
Անդրադառնալով հակամարտության ներկայիս վիճակին՝ Արցախի պետնախարարը նշեց, որ եթե նույնիսկ Ադրբեջանն ասում է, որ հակամարտությունը կարգավորված է, բոլորը հասկանում են, որ այդպես չէ: