Գիտական այս միջավայրում, ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողները առնետների վրա Պարկինսոնի հիվանդությունն են ուսումնասիրում: Նախ՝ կենդանու մոտ տվյալ հիվանդությունն են զարգացնում:
Քրիստինե Կարապետյան (ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող) - Առնետին նախապես անզգայացնում ենք, ուղեղում կտրվածք ենք անում ու ներարկում ռոտենոնը, պեստիցիդը ներարկում ենք ներուղեղային միակողմանի, որպեսզի առաջացնենք Պարկինսոնի հիվանդության մոդել:
Հիվանդությունը կենդանու մոտ կզարգանա մեկ ամսում: Որպեսզի հաստատեն, որ տվյալ նյութն ազդել է, նախ՝ վարքագիծը կուսումնասիրեն: Պարկինսոնի հիվանդության ժամանակ վնասվում են գլխուղեղի գորշ նյութը, նյարդաբջիջները, խախտվում է արյան շրջանառությունը, ինչն էլ հիշողության կորստի ու շարժողական խնդիրների է բերում: Որպեսզի այս ամենը կասեցնեն, բակտերիալ մելանին են փորձարկում: Հիստոքիմիական ու էլեկտրաֆիզիոլոգիական ուսումնասիրություններում դրական ազդեցություն են նկատել:
Մարգարիտա Դանիելյան (ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիստոքիմիայի և էլեկտրոնային մանրադիտարկման լաբորատորիայի ավագ գիտաշխատող) - Բակտերիալ մելանինն ընտրվել է այն պատճառով, որ կարող է պահպանել գլխուղեղի նյարդային բջիջները վնասումից և չթողել կորցնել ֆունկցիան, իսկ եթե կորցրել է՝ կվերականգնի այդ կորուստը:
Բակտերիալ մելանինը սինթեզվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում: Եթե փորձերի այս փուլում հաջողեն, ապա գիտության մեջ նոր ասելիք կունենան:
Մարգարիտա Դանիելյան - Նոր սերնդի դեղամիջոց են փորձում ստեղծել: Ընդունված դեղամիջոցները ամբողջությամբ չեն բուժում Պարկինսոնի հիվանդությունը, ախտանշաններն են հեռացնում, հիվանդությունը մնում է, նյարդապաշտպան միջոց գոյություն չունի:
Հետազոտվող կենդանիների գլխուղեղի նյարդաբջիջներում կատարվող մետաբոլիկ փոփոխություններն ուսումնասիրում են կոնֆոկալ մանրադիտակով, ինչի շնորհիվ հետազոտության արդյունքներն առավել ճշգրիտ են ստացվում: Գիտության կոմիտեից ստացած դրամաշնորհով ու նոր հետազոտությամբ բակտերիալ մելանինի օպտիմալ չափաբաժինն են փորձում որոշել: Ուսումնասիրությունը կարևոր է, քանի որ աշխարհում տարեկան 600-700 հազար մարդու մոտ Պարկինսոնի հիվանդություն է ախտորոշվում: Հայաստանում ստույգ թվեր չկան, բայց հիմնական պատճառները հայտնի են:
Քրիստինե Կարապետյան - Ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, առավել շատ հանդիպում է Պարկինսոնի հիվանդությունը, քանի որ աշխատում են պեստիցիդներով, դրա համար ընտրել ենք ռոտենոմային փորձարարական մոդելը:
Գիտաշխատողներն այս ուսումնասիրության համար 3 տարի ժամանակ ունեն: Այդ ընթացքում կգործակցեն Ռուսաստանի Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի գործընկերների հետ: Մտադիր են արդյունքները հետագայում կլինիկայում փորձարկել: