Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև օրս չեն կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ առցանց ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ մտահոգիչ է, որ համանախագահներին չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և նախանշել հստակ միջոցառումներ, որոնք կողմերին կօգնեն մարդկանց միջև շփումների հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործում՝ նշել է դիվանագետը: Միևնույն ժամանակ՝ նա հույս է հայտնել, որ առաջիկայում համանախագահների եռյակին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:
*****
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը: Իրան ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը ողջունում է իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։ «Մեր տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից, պետք է օգնենք դրական մոտեցումներ ու տեսակետներ ստեղծել»,- ընդգծել է Խաթիբզադեն:
*****
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է հարևան երկրների հետ համատեղ ազատ տնտեսական գոտիների ստեղծման մասին։ Մեհդի Սաֆարին Արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգման շտաբի հանդիպման ժամանակ նշել է, որ նման տնտեսական գոտիներն ինժեներական ծառայությունների արտահանման, արտադրության և արտահանման միջոցով կարող են արտարժույթի ներգրավման աղբյուր դառնալ: Ընդգծելով, որ Իրանի առաջնահերթությունը հարևան երկրների հետ համագործակցությունն է, Սաֆարին ասել է, որ ևս 7 ոչ հարևան երկրի հետ, որոնք ունեն ազատ տնտեսական գոտիներ, համագործակցությունն օրակարգում է: «Հնարավորություն կա համատեղ ազատ տնտեսական գոտիներ ստեղծել Հայաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի և այլ երկրների հետ, ինչպիսիք են, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունները»,- ասել է Սաֆարին։
*****
ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորակազմը Ղազախստանից դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասը հավելել է, որ խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ, իր ձևակերպմամբ՝ տաքգլուխների, գուցեև տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր։ Խաղաղապահների գործոնը, կազմակերպության գլխավոր քարտուղարի կարծիքով, «նպաստել է այս իրավիճակի շրջադարձին ու կայունացմանը»։ «Մեր խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպության իրավական փաստաթղթերին, իրավական դաշտին, ուստի նրանց գործողությունների օրինականությունը, նաև Ղազախստանի նախագահի դիմումի օրինականությունը, կասկածից վեր են»,- շեշտել է ՀԱՊԿ քարտուղարը։