Թատրոն, կինո, երգարվեստ, պարարվեստ. այսպես ութ անվանակարգում գործունեության աջակցության համար մշակույթի նախարարությունը դրամաշնորհ է հայտարարել: Ոլորտին հատկացվող դրամական միջոցները, որ անցյալ տարի պատերազմի ու համավարակի պատճառով նվազեցվել էին, 2022-ին վերականգնվել են՝ հատկացվել է 1 մլրդ 600 մլն դրամ:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Բնականաբար, ամբողջ գումարը չէ, որ տրամադրվելու է մրցութային կարգով, մենք ունենք նաև պետական բյուջեում ամրագրված ծրագրեր, որոնք ունեն երկար, հաջողված փորձ: Որքան էլ որ մրցակցային պայմաններ են ստեղծված, դրամաշնորհի մեջ պետական պատվերի գաղափար, որովհետև մենք ունենք պետական մշակութային քաղաքականություն առաջնահերթություններ:
Առաջնահերթ, պարտադիր պայման է, որ դրամաշնորհին դիմողները գործի նվիրյալ-պրոֆեսիոնալներ լինեն, կարևոր չէ՝ պետական թե մասնավոր հատվածից, կարևոր է, որ առաջարկվող նախագիծ-հայտերը լավատեսական լինեն, ընկալելի ոչ միայն մեզ, այլև՝ աշխարհին. ամբողջությամբ կամ մասամբ իրագործվեն նաև սահմանամերձ համայնքներում:
Արա Խզմալյան - Մենք ողջունում ենք, որ ստեղծագործական կազմը, օրինակ, խառն է, ենթադրենք բեմադրիչը մայրաքաղաքից է, թատրոնի աշխատակիցները տարբեր վայրերից:
Նախարարությունը դրամաշնորհի համար միտումնավոր սահմանափակում չի կիրառել, որ արվեստագետը կաշկանդված չլինի ֆինանսական թվերով ու չսահմանափակի ստեղծագործական միտքը,
Արա Խզմալյան - Մենք ձեռք չենք բերում ապրանք, որը շուկայում գին ունի ինչ որ, մենք ձեռք ենք բերում գաղափար, մենք գնում ենք ստեղծագործական հղացում:
Ստեղծագործական գաղափար առաջարկող գործիչներին փոխնախարարը հորդորում է՝ ուշադիր կարդալ ծրագիրը, չմասնակցել մասնակցելու համար, հետևել սահմանված չափորոշիչներին:
Դրամաշնորհների հայտերն ընդունվում են էլեկտրոնային armeps.am համակարգով մինչև փետրվարի ութը, տեղեկությունները հրապարակված են նախարարության կայքում: