Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալով՝ Հայաստանում սուր շնչառական հիվանդացության մակարդակը դեռևս բարձր է:
Եվգենյա Խաչատրյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բժիշկ-համաճարակաբան) - Դեռևս պահպանում են հիվանդացության բարձր մակարդակը, դիմելիության շտապօգնության կայանների, առաջնային օղակների հիվանդացության դիմելիությունը դեռևս բարձր է:
Դպրոցները վերաբացվեցին նախորդ երկուշաբթի: Կրթական գործընթացի վերսկսումից հետո այդ հաստատություններում մշտադիտարկման արդյունքը ցույց է տվել, որ իրավիճակը կայուն է. ընդհանուր պատկերը, սակայն, պարզ կդառնա առաջիկա շաբաթում, երբ դասերը կվերսկսեն նաև տարրական դասարանի երեխաները:
Նարինե Միրզոյան (Երևանի 157-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - Դասապրոցեսն ընթանում է նորմալ, բացակայություններ լինում են, բայց ոչ շատ: Ինչ վերաբերում է սուր վարակիչ հիվանդություններին, շատ քիչ են մեզ մոտ:
Դասապրոցեսի երկրորդ շաբաթը երևանյան այս դպրոցը սկսեց շատ քիչ բացակայությամբ, 258 աշակերտից դասի չէր եկել ընդամենը 11-ը: Դպրոցի տնօրենի խոսքով՝ իրականացվում է ամենօրյա մոնիթորինգ, տվյալները ներկայացվում են քաղաքապետարան: Ծնողների հայտնած նախորդ շաբաթվա տեղեկություններն իմի բերելով, ոչ պաշտոնական տվյալով, նախակրթարաններում բացակայությունները եղել են 5-6 տոկոս:
Մանկապարտեզները, ի տարբերություն դպրոցների, ավելի շուտ են սկսել աշխատանքը՝ հունվարի 3-ից:
Մարիամ Ոսկանյան (Երևանի 121-րդ մանկապարտեզի բուժքույր) - Ամեն առավոտ երեխաներին ջերմաչափում ենք, ախտահանվում են, հետո ուղարկում ենք խումբ, եթե լինում են դեպքեր, որ լավ չեն զգում, էլի ստուգում ենք: Քնից զարթնում են, էլի չափում ենք: Անցած շաբաթվա մեջ եղել է, արդեն լավացել են, հոսքը լավացել է:
Մանկապարտեզներն աշխատել են մինչև դեկտեմբերի 30-ը: Տարեվերջին այս նախակրթարանում բացակա երեխաների թիվը մեծ էր:
Կարմեն Հովհաննիսյան (Երևանի 121-րդ մանկապարտեզի տնօրեն) - Այսօր ունենք 90 հաճախում, ունենք 49 բացակա: Տեղեկացված ենք բոլոր երեխաներից, սուր շնչառական էլ չկա, հոսքը կշատանա: Ծնողներ կան, ասում են՝ հանգստանում են, կգան:
Երեխաները պատրաստվում են Բանակի օրվան: Մինչ այդ աշխատում են չբացակայել: Էլենը պարելիս է ձեռքը վնասել. վաղն արդեն առանց գիպսի կգա:
Սուր շնչառական հիվանդացությամբ հոսպիտալացված է 588 երեխա. 93 տոկոսը՝ մինչև 14 տարեկան: Վերակենդանացման բաժանմունքում է 17 պացիենտ, նրանցից 15-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Շրջանառվող հիմնական վիրուսը գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակն է: