Օգնել ռուսական բիզնեսին՝ մուտք գործել հայկական շուկա: Տնտեսական համագործակցությանը նվիրված հայ-ռուսական հերթական համաժողովը ուներ հստակ ընդգծված թիրախներ: Հայաստան էր ժամանել Գործարար կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ Օլգա Խադակովսկայան: Պատվիրակության հետ նախապես քննարկվել էին մի շարք բիզնես նախագծեր: Համաժողովի կազմակերպիչները վստահեցնում են, որ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:
Մարիամ Մանուկյան (Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ) - Ունենք հստակ պայմանավորվածություն. մոտավորապես 8 մլն դոլարին համարժեք էկոտուրիզմում ներդրումներ իրականացնելու պայմանավորվածություն:
Կողմերը քննարկում են ևս մի քանի նախագիծ: Ռուսական գործարար-աշխարհը վաղուց է հետաքրքրված հայկական բիզնես-միջավայրով և շահագրգռված է կոնկրետ ներդրումներ անել: Ռուսական կապիտալի մասնաբաժինն էլ մեր երկրում տարեցտարի ավելանում է: Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահն առանձնացնում է ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները:
Մարիամ Մանուկյան (Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ) - Դեռևս նախորդ տարվանից ունեինք պայմանավորվածություններ, Հայաստանում ներդրումային ծրագրեր: Ռուսաստանի պատվիրակությունը պատրաստվում է այցելել Գյումրի՝ քաղաքի ներդրումային ներուժին տեղում ծանոթանալու համար:
Պատվիրակության ղեկավար Օլգա Խադակովսկայան նկատում է՝ չնայած տարիների համագործակցությանը, ռուսական բիզնեսը դեռ հստակ պատկերացում չունի հայկական ներդրումային հնարավորությունների մասին:
Օլգա Խադակովսկայա (Գործարար կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ) - Ցավոք, ռուսական բիզնեսը շատ քիչ բան գիտի հայկական շուկայի մասին: Հենց այդ պատճառով էլ մենք ժամանել ենք Հայաստան և պատրաստում ենք մի մեծ կոնֆերանս, որով կփորձենք Ռուսաստանի գործարարներին ծանոթացնել հայկական շուկայի հետ:
Համաժողովի ավարտին հայկական և ռուսական կողմերը համաձայնագիր ստորագրեցին, որը միտված է նպաստելու բիզնես-կապերի ամրապնդմանը: