Համաճարակային իրավիճակը Հայաստանում կրկին սրվում է: Եկար պայքարից հետո մեր երկիրը հայտնվել էր Եվրամիության սահմանած ցածր ռիսկայնության գոտիներում՝ նարջագույն, մի կարճ ժամանակահատված՝ նույնիսկ կանաչ: Օրերի ընթացքում, սակայն, պատկերը կտրուկ փոխվեց, և այսօր արդեն Հայաստանը կրկին կարմիր՝ վտանգավոր գոտում է:
Ռոմելլա Աբովյան (ՀՎԿԱԿ վարակների համաճարակաբանության բաժնի պետ) - Վերջին 14 օրվա տվյալներով ունենք նոր դեպքերի աճ 2 անգամ, թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը եթե նախորդ 14 օրվա ընթացքում ունեինք 1.7 տոկոս, ապա այս պահին 4.1 է, մանկապատանեկան տարիքի մոտ ունենք նոր դեպքերի աճ. 3-5 տարեկանների շրջանում՝ 1.6 անգամ, 6-17 տարիքային խմբում՝ 3.1 անգամ:
Դեպքերի կտրուկ աճ նկատվում է բոլոր մարզերում և, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այն հիմնականում պայմանավորված է օմիկրոն շտամով, որը նախորդներից շատ ավելի արագ է տարածվում: ԱՀԿ-ն նշում է, որ այս շտամով աշխարհում օրական վարակվում է 2 միլիոնից ավելի մարդ:
Ռոմելլա Աբովյան - Կարող ենք կանխատեսել՝ օմիկրոն շտամով կրկնապատկվում է 3 օրը մեկ, արդեն հարևան երկրում կա բարդ իրավիճակ, ու կա նաև այլ երկրներում:
Մասնագետների խոսքով՝ հիվանդանոցները դեռևս ծանրաբեռնված չեն, և իրավիճակը վերահսկելի է: Դա պայմանավորված է նաև նրանով, որ օմիկրոնի կլինիկական ընթացքը ավելի թեթև է: Ռոմելլա Աբովյանը նշում է, որ իհարկե չեն բացառվում նույնիսկ օմիկրոնի դեպքում սրացումները, և կարևոր է, որ քաղաքացիները ինքնաբուժմամբ չզբաղվեն: Օմիկրոնը չպետք է շփոթել սուր շնչառական հիվանդության հետ, չնայած որ բավական նմանություն կա:
Ռոմելլա Աբովյան - քթից արտահոսք, հազ թուլություն, թոքաբորբն է ավեի քիչ հանդիպում, բայց եթե քաղաքացին ճիշտ բուժում է ստանում: Նշվում է, որ օմիկրոնը շատ ավելի ծանր են տանում նրանք, ովքեր պատվաստում չեն ստացել:
Արդեն 2 դեղաչափ պատվաստված քաղաքացիներին մասնագետները հորդորում են՝ չխուսափել խթանիչ դեղաչափից. այն ավելի պաշտպանված է դարձնում հենց օմիկրոնից: Ի դեպ՝ բուստեր մեր երկրում ստացել է 2.736 քաղաքացի:
Սվետլանա Գրիգորյան (ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ) - Վերջին պատվաստումից 6 ամիս անց անձը կարող է դիմել ու ստանալ բուստեր դեղաչափ, շատ երկրներ այն դարձրել են անգամ 4 ամիս անց:
Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ պատվաստումների ակնհայտ նվազում նկատվեց տոնական և հետտոնական օրերին, հիմա կրկին պատվաստումները բնականոն ընթացքի մեջ են, բայց ոչ ցանկալի ցուցանիշով: Հանրապետությունում օրական պատվաստվում է 11-13 հազար քաղաքացի:
Սվետլանա Գրիգորյան - Այս պահի դրությամբ չափահաս բնակչության 43.2 տոկոսը առաջին դեղաչափ, իսկ 2-րդ դեղաչափ 34.8 տոկոսն է ստացել:
Կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, կլինիկական ընթացքը հեշտացնելու համար հարկավոր է, որ պատվաստված լինի բնակչության ավելի քան 80 տոկոսը: Մասնագետների պնդմամբ՝ սա է միակ ճանապարհը՝ սեփական անձն ու շրջապատը պաշտպանելու համար: