Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր խստացված ստուգայցեր է իրականացրել Երևանի առևտրի խոշոր կենտրոններում՝ պարզելու, թե որքանով են պահպանվում հակահամաճարակային կանոնները: 20 աշխատանքային խումբ համաժամանակյա աշխատել է բոլոր մոլերում: Ստուգայցերն, ի դեպ, երեկոյան էին սկսվել: Իրազեկման բաժնի պետ Գայանե Խաչատրյանը պարզաբանեց՝ աշխատանքային օրվա ավարտին մարդկանց հոսքը դեպի առևտրի կենտրոններ ավելի մեծ է լինում:
Գայանե Խաչատրյան, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ - Ստուգայցերն իրականացվում են ոստիկանության հետ համատեղ: Այս մոլում՝ այս պահին, գործում է հինգ աշխատանքային խումբ՝ կազմված թե՛ ոստիկաններից, թե՛ տեսչական մարմնի մասնագետներից:
Խաչատրյանն ընդգծեց՝ Հայաստանում արդեն կան կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հաստատված դեպքեր, իսկ քանի որ այդ ենթատեսակի վարակելիությունը շատ բարձր է, մեծ է վտանգը, որ համաճարակային վիճակը երկրում կարող է կտրուկ վատթարանալ:
Գայանե Խաչատրյան - Դուք ինքներդ եք նկատում, որ մարդիկ, մտնելով մոլ, թեև մուտքի մոտ պահանջվում է, որ դիմակ կրեն, սակայն մտնելով ներս, դիմակը հանում են:
Ստուգայցերը ոստիկանների հետ են, որովհետև տեսչական մարմինը վարչարարություն իրականացնելու իրավունք ունի միայն տնտեսվարողների նկատմամբ, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ ոչ: Այն առևտրի կենտրոնում, որտեղ «Լուրերը» հետևում էր ստուգումներին, մոտ մեկ ժամվա ընթացքում ոստիկանները դիմակ չդնելու 4 արձանագրություն կազմեցին:
Հինգերորդ արձանագրությունը կազմելու ժամանակ քաղաքացու և ոստիկանների միջև լարված խոսակցություն տեղի ունեցավ: Քաղաքացին բողոքում էր տուգանվելու հեռանկարից՝ դա անարդար համարելով, քանի որ տեսադաշտում առանց դիմակի բազմաթիվ այլ մարդիկ կային:
Տեսչությունն ու ոստիկանությունը տեղեկացնում են՝ խստացված ստուգումները չեն դադարեցնելու, քաղաքացիներին և տնտեսվարողներին հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները:
Հեղինակ՝ Աննա Զախարյան