ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԵՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ը. ԶԱՍ
ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաքգլուխների», գուցե և տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր»։ Խաղաղապահների գործոնը, կազմակերպության գլխավոր քարտուղարի կարծիքով, «նպաստել է այս իրավիճակի շրջադարձին ու կայունացմանը»։
«Մեր խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպության իրավական փաստաթղթերին, իրավական դաշտին, ուստի նրանց գործողությունների օրինականությունը, նաև Ղազախստանի նախագահի դիմումի օրինականությունը կասկածից վեր են»,- շեշտել է ՀԱՊԿ քարտուղարը։
ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է հարևան երկրների հետ համատեղ ազատ տնտեսական գոտիների ստեղծման մասին։ Մեհդի Սաֆարին արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգման շտաբի հանդիպման ժամանակ նշել է, որ նման տնտեսական գոտիները ինժեներական ծառայությունների արտահանման, արտադրության և արտահանման միջոցով կարող են արտարժույթի ներգրավման աղբյուր դառնալ: Ընդգծելով, որ Իրանի առաջնահերթությունը հարևան երկրների հետ համագործակցությունն է, Սաֆարին ասել է, որ ևս յոթ ոչ հարևան երկրի հետ, որոնք ունեն ազատ տնտեսական գոտիներ, համագործակցությունն օրակարգում է: «Հնարավորություն կա համատեղ ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու Հայաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի և այլ երկրների հետ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները»,- ասել է Սաֆարին։
ՆԱՏՕ-Ն ՈՒԺԵՐԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ
«ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի իր ուժերը դուրս բերել 1997 թվականից հետո դաշինքին անդամակցած երկրներից, քանի որ նման պարագայում այդ երկրները կդառնան «դաշինքի երկրորդ կարգի անդամներ»՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ քննարկել ոչ միջուկային սպառազինությունների ու միջուկային զենք կրող հրթիռների կրճատումը և ձեռնարկել այլ միջոցներ, որոնք հնարավոր է հուսալի եղանակով ստուգել ու վավերացնել, ինչը դրական կլինի թե Ռուսաստանի և թե ՆԱՏՕ-ի համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հունվարի 17-ին Բրյուսելում կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի նախարարը: Նախատեսվում է նաև Դավիթ Զալկալիանիի հանդիպումը ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի դեսպանների հետ: Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը ծրագրվել էր մեկ շաբաթ առաջ:
ԱԼՄԱԹԻՈՒՄ 2600 ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Ղազախստանի անվտանգության մարմինների աշխատակիցները զանգվածային անկարգությունների մեկնարկից ի վեր Ալմաթիում ձերբակալել են 2600մարդու՝ անօրինական ակցիաներին, թալանին և այլ հանցագործությունների մասնակցելու համար: Պարերտատան հաղորդմամբ՝ հակաահաբեկչական գործողության մեկնարկից ի վեր առգրավվել է 127 միավոր հրազեն և 4077 միավոր զինամթերք։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԿԻԵՎ
Պետական դավաճանության գործով դատավարությանը մասնակցելու նպատակով Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Վարշավայից մեկնել է Կիև: Պորոշենկոն օդանավակայանում լրագրողներին ասել է, որ չի վախենում Կիև ժամանելուց հետո ձերբակալությունից։ «Ոչ, իմ թիկունքում կանգնած է Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը: Ուկրաինայի նախկին նախագահը նաև ասել է, որ չի նախապատրաստվել հնարավոր ձերբակալությանը, քանի որ ճշմարտությունն իր կողմից է։
ԱՄՆ-ՈՒՄ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է «ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄԸ
Միացյալ Նահանգներում «Օմիկրոն» շտամն ակտիվ տարածվում է նաև երեխաների և երիտասարդների շրջանում: Մասնագետներն արդեն ահազանգում են, որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են: Ամերիկացի մանկաբույժները մտահոգություն են հայտնել, որ «Օմիկրոնի» հետևանքով հոսպիտալացումների թիվը չի զիջում «Դելտա» շտամի առաջացրած հետևանքերին: Գիտնականները դեռ ուսումնասիրում են՝ հասկանալու համար, թե արդյոք երեխաներն ավելի ծա՞նր են տանում «Օմիկրոն» շտամը: Միացյալ Նահանգներում նոր շտամի արագ տարածման հետևանքով կտրուկ աճել է հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը: