ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ամբողջ անձնակազմը դուրս կբերվեն Ղազախստանի տարածքից և կտեղափոխվեն իրենց մշտական տեղակայման վայրեր»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հաղորդում է ТАСС-ը։
Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաքգլուխների», գուցե և տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր»։
Խաղաղապահների գործոնը, կազմակերպության գլխավոր քարտուղարի կարծիքով, «նպաստել է այս իրավիճակի շրջադարձին ու կայունացմանը»։
«Մեր խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպության իրավական փաստաթղթերին, իրավական դաշտին, ուստի նրանց գործողությունների օրինականությունը, նաև Ղազախստանի նախագահի դիմումի օրինականությունը կասկածից վեր են»,- շեշտել է ՀԱՊԿ քարտուղարը։