ՀՈՒՆԱՍՏԱՆ
ՊԱՐԹԵՆՈՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԱՐՄԱՐԻ ԲԵԿՈՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է
Սիցիլիայի թանգարանից Աթենքին է վերադարձվել Պարթենոնի տաճարին պատկանող մարմարի կտորը: Այս առիթով Հունաստանի պաշտոնյաները լիահույս են, որ կփորձեն անել հնարավորը, որպեսզի Բրիտանական թանգարանը նույնպես հետ ուղարկի Հունաստանի ամենահայտնի հնագույն տեսարժան վայրերից վերցված քանդակները:
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանը ներկայացրել է «Ֆագանի կտորը», որը 35 սանտիմետր երկարությամբ և 31 սանտիմետր լայնությամբ մարմարի կտոր է և հույն անտիկ աստվածուհի Արտեմիսի ոտքի մի հատվածն է:
Նիկոլայոս Ստամպոլիդիս (Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն) - Հրաշալի է, որ մեր սիցիլիացի և իտալացի բարեկամները որոշեցին այն վերադարձնել այնտեղ, որտեղից դուրս է եկել:
Վերադարձված մարմարի բեկորը կտեղադրվի Պարթենոնի պատկերասրահում` ապակեպատ խցիկում: Պարթենոնում ցուցադրվում են տաճարի 160 մետր երկարությամբ ծոփորի քանդակները՝ նույն դիրքում, ինչ սկզբնական հուշարձանի վրա էին։ Որոշ գիպսե պատճեններ փոխարինում են այն հատվածներին, որոնց բնօրինակներն այժմ հիմնականում Բրիտանական թանգարանում են:
Հույները հույս ունեն, որ Սիցիլիայի ձեռնարկած այս առաջին քայլը կարող է խթան դառնալ այլ երկրներում նման որոշումների համար:
Կիրիակոս Միցոտակիս (Հունաստանի վարչապետ) - Ես իսկապես բարձրացրել եմ հարցը, երբ այցելել եմ վարչապետին, ինձ ոգևորել է նրա հայտարարությունը, թե Բրիտանիայի կառավարությունը դեմ չի լինի հնարավոր համաձայնությանը, որը կարող է ձեռք բերվել Հունաստանի իշխանությունների և Բրիտանական թանգարանի միջև: Մենք մտադիր ենք ավելի հեռուն տանել խնդիրը, և դրա համար էլ կարծում եմ, որ այսօրվա իրադարձությունը, այս կարևոր հատվածի վերադարձն անչափ կարևոր է։ Երբ կա կամք, կա նաև ճանապարհ, և դա տեղի կունենա վաղ թե ուշ: Մենք ձգտում ենք Բրիտանական թանգարանի հետ գտնել փոխընդունելի լուծում:
«Ֆագանի կտորը» 19-րդ դարում Սիցիլիայում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Ռոբերտ Ֆագանի հավաքածուից է: Պալերմոյի արքայական համալսարանն այն գնել է 1820 թվականին՝ Ֆագանի մահից հետո, նրա այրուց: Սակայն պարզ չէ, թե Ֆագանն ինքն ինչպես է ժամանակին այն ձեռք բերել:
ԹՈՒՆԻՍ
ԹՈՒՆԻՍՑԻՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Թունիսի արևմտյան Սեջնանե քաղաքում ապրող կանայք պահպանում են խեցեգործության յուրահատուկ ավանդույթը, որը իրենց է հասել սերնդեսերունդ: Սա ֆիզիկական ծանր աշխատանքի և գեղագիտական հմտությունների յուրօրինակ համադրության արդյունք է:
Սեջնանեն մայրաքաղաք Թունիսից 120 կմ հեռավորությամբ է, հիմնականում գյուղական փակ համայնք է, որտեղ ընդունված է ավանդույթները խնամքով պահպանել և փոխանցել գալիք սերունդներին:
86-ամյա Դաբհիա Սիդանին դստեր և թոռնուհու հետ խեցեգործությամբ է զբաղվում: Երեք սերնդի կանայք ասում են, որ գործընթացը բարդ է, բայց հաճույք են ստանում դրանից: Դաբհիա տատը պատմում է, որ արհեստը յուրացրել է իր մորից, որն էլ այն սովորել է իր նախնիներից:
Դաբհիա Սիդանի (խեցեգործ վարպետ) – Սկզբում ձեռք ենք բերում այս կավը, հետո դնում ենք ջրի մեջ, որպեսզի ուռչի, այնուհետև ոտքերով տրորելով փափկեցնում ենք, հետո հունցում, որ դառնա համասեռ զանգված: Իրականում շատ հոգնեցնող գործընթաց է: Պատրաստի խեցեղենը կրակի մեջ թրծելն անչափ բարդ փուլ է: Այդ ժամանակ կարող ես աչքերդ վնասել:
Թունիսում կանայք խեցեգործական իրեր են պատրաստում ինչպես վաճառքի, այնպես էլ ցուցադրության համար: Եվ չնայած բոլոր դժվարություններին, խեցեգործ կանայք վստահեցնում են, որ մեծ բավականություն են ստանում իրենց աշխատանքից:
ՊԱՂԵՍՏԻՆ
ԿՅԱՆՔԸ ՆԿԱՐԻ ՄԵՋ
«Արվեստը խենթություն է», կարծում է կերպարվեստ ուսումնասիրող պաղեստինցի Լամա Դվեյքը: Նա ապրում է Հորդանան գետի Արևմտյան Ափի Հեբրոն քաղաքում և, այսպես կոչված, 3D նկարներ է ստեղծում: Լաման փորձում է փակել կտավների 2D դարաշրջանը և դասական դիմանկարի գաղափարը մի կողմ դնելով` ստանում է եռաչափ դիմանկարներ:
Արվեստագետ կինն իր կոմպոզիցիա-կտավում ներառում է բոլոր այն տարրերը կամ առարկաները, որոնք կարելի է գտնել նախապես արված նկարում, որի ֆոնին էլ լուսանկարվում են մարդիկ՝ ասես ձուլվելով նկարի մեջ և դառնալով ընդհանուր ստեղծագործության մի մասը:
Լամա Դվեյք (արվեստագետ) - Իրերը լուսանկարելու կամ դրանք նկարելու փոխարեն մենք կարող ենք վերցնել այդ իրական առարկաները և ուղղակիորեն նկարել դրանց վրա ու թույլ տալ մարդկանց մտնել նկարի մեջ: Համարենք, որ սա լուսանկարչական ստուդիա է, որտեղ մարդիկ կարող են շփվել արդեն եղած նկարների հետ և լուսանկարվել դրանց ֆոնին` դառնալով այդ կտավի մի մասը:
Լաման հիմնականում որպես ֆոն նկարում է այն տեսարժան վայրերը, որոնք մարդիկ հաճախ նախընտրում են այցելել: Հետո նրանք գալիս են իր ստուդիա և լուսանկարվում այդ վայրերի ֆոնին, ասես իրենք եղել են այնտեղ, կամ նրանց նկարել են հենց այդ վայրերի հետ:
ԻՍՐԱՅԵԼ
ՈՍԿԵ ՁԿՆԻԿԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼ
Իսրայելցի գիտնականները պարզել են, որ ոսկե ձկնիկները, համապատասխան վարժանքներից հետո կարող են, այսպես ասած, «նավարկել» ցամաքում:
Բեն Գուրիոնի համալսարանի թիմը ստեղծել է Էֆ Օ Վի (FOV) կոչվող մեքենան, որը կարող են վարել ոսկե ձկնիկները: Ռոբոտ մեքենան հագեցած է լիդարով, որը «լույսի հայտնաբերում և տիրույթ» բառակապակցության հապավումն է, նաև հեռակառավարման տեխնոլոգիայով: Վերջինս իմպուլսային լազերային լույսն օգտագործում է մեքենայի գետնին գտնվելու վայրի և ջրի բաքում գտնվող ձկան գտնվելու վայրի մասին տվյալներ հավաքելու համար:
Համակարգիչը, տեսախցիկը, էլեկտրական շարժիչները և անիվները ձկներին մեքենան կառավարելու հնարավորություն են տալիս:
Շաչար Գիվոն (Բեն Գուրիոնի համալսարանի աշխատակից) - Զարմանալիորեն, ձկներից երկար ժամանակ չի պահանջվում` մեքենա վարել սովորելու համար: Նրանք սկզբում շփոթված են լինում: Չգիտեն, թե ինչ է կատարվում, բայց շատ արագ հասկանում են, որ փոխկապակցվածություն կա իրենց շարժումների և այն մեքենայի շարժման հետ, որում գտնվում են:
Հետազոտությանը մասնակցել է վեց ոսկե ձկնիկ: Նրանցից յուրաքանչյուրը, այսպես ասած, «վարորդական» տասը դասի է մասնակցել: Եվ ամեն անգամ հետազոտությունն անցկացնող գիտնականների նշանակած թիրախին հասնելուն պես ձուկը, որպես մրցանակ, կեր է ստացել: Պարզվել է, որ ձկների շրջանում էլ կան լավ ու վատ վարորդներ: Իսկ իսրայելցի այս գիտնականներն իրենց այս նախաձեռնությամբ ցանկացել են շատերին ապացուցել, որ ձկները ամենևին էլ պարզունակ կենդանիներ չեն, ճիշտ հակառակը, անչափ կարևոր են ու խելացի:
ԱՄՆ
ԽՈԶԻ ՍԻՐՏԸ` ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆՈՒՄ
ԱՄՆ Մերիլենդի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականները հայտարարել են, որ սրտային հիվանդության վերջին փուլում գտնվող մեծահասակ մարդուն առաջին անգամ պատմության մեջ հաջողությամբ իրականացրել են խոզի սրտի փոխպատվաստում: Մերիլենդի համալսարանում սա պատմական վիրահատություն են անվանել:
Իր տեսակի մեջ առաջին նման վիրահատության ընթացքում սրտի անբուժելի հիվանդությամբ տառապող 57-ամյա հիվանդին հաջողությամբ փոխպատվաստվել է գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ: Վիրահատությունից երեք օր անց հիվանդը՝ Մերիլենդի բնակիչ Դևիդ Բենեթը, լավ է զգում: Հաջորդ շաբաթների ընթացքում նա բժիշկների հսկողության տակ է լինելու: Իսկ մինչև վիրահատվելը վստահեցրել է, որ այն, ինչ կատարվելու է իր հետ, իր վերջին հնարավորությունն է:
Փոխպատվաստումը ցույց է տվել, որ կենդանու` գենետիկորեն ձևափոխված սիրտը կարող է գործել որպես մարդու սիրտ:
Բարթլի Գրիֆիթ (սրտի փոխպատվաստումն իրականացնող վիրաբույժը) - Սա բեկումնային վիրահատություն էր և մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում օրգանների պակասի ճգնաժամի լուծմանը: Պարզապես բավականաչափ մարդկային դոնորային սրտեր չկան, որպեսզի կարողանանք վիրահատել բոլոր այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն:
ԱՄՆ-ի պարենի և դեղորայքի վարչությունը վիրահատություն իրականացնելու արտակարգ թույլտվությունը տվել է ամանորի նախօրեին՝ իր «ընդլայնված հասանելիություն» դրույթի շրջանակներում:
Այն կիրառվում է, երբ փորձարարական բժշկական արտադրանքը, տվյալ դեպքում՝ գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտը, հիվանդի կյանքը փրկելու միակ տարբերակն է:
Գիտնականները մինչև վիրահատությունը կարողացել են խոզի սրտից հեռացնել այն գենը, որը կարող էր բուժառուի օրգանիզմում հակազդեցություն առաջացնել:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԼՈՒՍԱՅԻՆ ՇՔԵՂ ՇՈՈՒ ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում սառցե և լուսային շքեղ շոուով է ավարտվել տոնական շրջանը: Տոնակատարությանը պատրաստվել են գրեթե մեկ ամիս: Սիբիրից այստեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են հյուր եկել ու հիացել են այն միջոցառումներով, որ անցկացվել են Նիժնի Նովգորոդում:
Յուլիա Ֆիշեր (Նովոսիբիրսկի ստեղծագործական ծրագրերի քաղաքային տնօրինության ներկայացուցիչ) - Նիժնի Նովգորոդը, ընդհանուր առմամբ, հիանալի է: Այստեղի բնակիչներն ու տոնը շատ լավն են: Մեզ ամեն ինչ դուր եկավ, հատկապես Կրեմլի քարտեզագրման շոուն, սահադաշտը, Նիժնի Նովգորոդի տոնավաճառը: Այստեղ ամեն ինչ ամենալավն է:
Նիժնի Նովգորոդն այս տարի արժանացել է «Ռուսաստանի ամանորյա մայրաքաղաք» տիտղոսին: Այն սկսել են շնորհել 2012 թվականից ի վեր: Նիժնի Նովգորոդը դարձել է 10-րդ ամանորյա մայրաքաղաքը, բացի այդ, այս տարի լրանում է քաղաքի հիմնադրման 800-ամյակը: Տոների ավարտից հետո որոշ ձմեռային ատրակցիոններ կշարունակեն գործել: Խոսքը նաև 70-ից ավելի սահադաշտի մասին է:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԱՆՍՈՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՉԵԼՅԱԲԻՆՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՁՅՈՒՆ ՉԱՓՈՂՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԵՆ ԱՆՑԵԼ
Մարինա Սերեդան ավելի քան մեկ տարի է՝ աշխատում է որպես ձյուն չափող: Տագանայ ազգային պարկում ձնահոսքի բարձրությունը չափում են ամեն ձմեռ: Այդ չափսերից է կախված, թե ինչպիսին կլինեն տեղումները, և ինչքան խոնավությամբ կհագեցվի անտառի հողը։ Այս տվյալները կարևոր են ոչ միայն օդերևութաբանների և կլիմայագետների, այլև տեղի բնակիչների համար:
Մարինա Սերեդա (Տագանայ ազգային պարկի գլխավոր էկոմասնագետ) - Օրինակ՝ անցած տարի հեշտ էր կանխատեսում անելը: Տեղումների քիչ քանակից հասկացանք, որ խոտի ծածկույթը բարձր չի լինի, երաշտ էր։ Սունկ ընդհանրապես չկար։ Հույս ունենք՝ այս տարի առատ ձյուն կտեղա:
Քանոն, քարտեզ ու նոթատետր, վերջ՝ սրանք աշխատանքային այն գործիքներն են, որոնց օգնությամբ ձյան բարձրություն չափողներն արժեքավոր տվյալներ են ստանում այն մասին, թե ինչպես է զարգանալու ազգային պարկի կենսահամակարգը: Այդ ամենը գրանցվում է հատուկ մատյաններում և պահվում, ինչպես մասնագետներն են ասում՝ հավերժ, նաև հետագա սերունդների համար:
Ձյուն չափողների աշխատանքին կարող է խանգարել միայն ուժեղ ձնաբուքը, ինչի համար օրեր անց նրանք շատ են ուրախանում:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԳԱՅԼԵՐԻ ՏԻՐՈՒՀԻՆ. ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԲՆԱԿՉՈՒՀԻՆ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽԵԼ Է ԿՅԱՆՔԸ
Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Տատյանա Սամբուրովան ամբողջությամբ փոխել է իր կյանքը: Նա տեղափոխվել է Կարաչայ-Չերքեզիա, որտեղ արտասովոր մի ապաստարան է հիմնել՝ գայլեր է պահում: Նրանց էլ իր երեխաներն է համարում: Իսկ ամենասիրելին Ցեֆար անունով գայլն է:
Նախկինում Տատյանան շուն է պահել, սակայն օրերից մի օր ընկերները նրան խորհուրդ են տվել ապաստարանից գայլ վերցնել: Եվ այդպես ամեն ինչ սկսվել է:
Տատյանա Սամբուրովա («Գայլերի հովիտ» ապաստարանի հիմնադիր) - Սա սեր է ամբողջ կյանքի համար: Գայլերը շատ հետաքրքիր են և խելացի, արտասովոր են, ցանկացած շնից ավելի հետաքրքիր են, նրանց վարժեցնելն ավելի գրավիչ է:
Սկզբում կինը գայլերին Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում էր պահում: Նրանց զբոսանքի տանելու համար օրական 8 ժամ էր ծախսում: Հետո հասկացել է, որ այդպես շարունակվել չի կարող և վաճառելով Սանկտ Պետերբուրգի իր բնակարանը, հաստատվել է այստեղ ու բացել գայլերի համար նախատեսված այս ապաստարանը:
Տատյանա Սամբուրովա («Գայլերի հովիտ» ապաստարանի հիմնադիր) - Սկզբում մարդիկ անհանգստացած էին, հետո բոլորը եկան ու տեսան, որ նրանք փակ տարածքում են ապրում: Այսինքն` ես չեմ թողնում, որ վազեն գյուղով մեկ: Այժմ մեզ մոտ նույնիսկ երեխաներ են հյուր գալիս:
Այսօր այս ապաստարանի տիրուհին չի էլ երազում մատնահարդարման ու մաքուր հագուստի մասին։ Դրանք, միևնույն է, երկար չեն մնա կյանքի այն պայմաններում, որ ունի Տատյանան: Նրա հոգսերն այլ են. մտածում է՝ ինչպես կերակրել իր ապաստարանի բնակիչներին, քանի որ նրանք չեն կարող երկար քաղցած մնալ: Ասում է, որ շաբաթական միայն 100 կիլոգրամ միս են ուտում: Կերակրում է նաև կաթնամթերքով, հավկիթով, երբեմն նաև՝ թխվածքաբլիթներով:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ/ՍԼՈՎԱԿԻԱ/ԲԵԼԳԻԱ/ԿՈՍՏԱ ՌԻԿԱ/ՀՐՎ.ԿՈՐԵԱ/ՌՈՒՍԱՍՏԱՆ/ԻՆԴՈՆԵԶԻԱ
19-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ՇՈՒՐՋԵՐԿՐՅԱ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴԸ
Ամենայն հավանականությամբ, 19-ամյա Զառա Ռութերֆորդը կդառնա ամենաերիտասարդ կինը, որը միայնակ թռչելով՝ շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել: Սպասվում է, որ հունվարի 17-ին նա կհասնի Բելգիա, որտեղից սկսել էր ճանապարհորդությունը:
Նա ճամփա էր ընկել անցած տարվա օգոստոսին, անցել է 51 հազար կիլոմետր ճանապարհ, եղել է հինգ մայրցամաքում, աշխարհի 52 երկրում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գրենլանդիայում, Ռուսաստանում և Կոլումբիայում:
Շուրջերկրյա ճանապարհորդության թռիչքի չափանիշներին համապատասխանելու համար Ռութերֆորդը երկրագնդի վրա միմյանց հակառակ երկու կետ է նշել՝ Ջամբին Ինդոնեզիայում և Կոլումբիայի Թումակո քաղաքը:
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում հայտնվելուց բացի, աղջիկը հույս է հայտնել, որ իր այդ քայլով կկարողանա խրախուսել կանանց և աղջիկներին սովորել ու աշխատել գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում ու երիտասարդ աղջիկների շրջանում հետաքրքրություն կառաջացնի ավիացիայի նկատմամբ:
Զառան ծնվել է օդաչուների ընտանիքում, այս տարի պատրաստվում է համալսարան ընդունվել և երազում է տիեզերագնաց դառնալու մասին: