Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են նաևՀայաստանի ներկայացուցիչները:
Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունում 168.43 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Կարճ ծրագրում նրանք գրավել էին 14-րդ տեղը՝ հաղթահարելով որակավորման փուլը, իսկ ազատ ծրագրում 11-րդն էին: Չեմպիոնի տիտղոսը 217.96 միավորով նվաճել են Ռուսաստանի ներկայացուցիչներ Վիկտորյա Սինիցինան և Նիկիտա Կացալապովը:
Հիշեցնենք՝ Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգն արդեն ապահովել է իր մասնակցությունը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին: Ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաքում։
Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն էլ, որը կարճ ծրագրի արդյունքով հաղթահարել էր որակավորման փուլը, ազատ ծրագրում վաստակել է 167,84 միավոր և Եվրոպայի առաջնությունում գրավել 24-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց մենասահքում չեմպիոնի կոչումը 286,56 միավորով նվաճել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Կոնդրատյուկը։ Արծաթե մեդալը նվաճել է իտալացի Դանիել Գրասլը՝ 274,48 միավորով, իսկ լավագույն եռյակը 272,08 միավորով եզրափակել է Լատվիայի ներկայացուցիչ Դենիս Վասիլևը։