Երկուշաբթի Մելբուռնում մեկնարկում է Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունը, որին չի մասնակցի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Մինչ մրցաշարի մեկնարկը Ավստրալիայի իշխանությունները չեղարկել են նրա մուտքի արտոնագիրը և երեք տարով արգելել մուտքը երկիր՝ հայտնում է BBC-ն։
Թենիսիստ Նովակ Ջոկովիչին Ավստրալիայից արտաքսեցին այն բանից հետո, երբ դաշնային դատարանը մերժեց վիզայի չեղարկման վերաբերյալ նրա բողոքը։ Կիրակի երեկոյան մարզիկը Մելբուռնից թռել է Դուբայ։
Ջեյմս Օլսոպի գլխավորությամբ երեք դատավորից կազմված խումբը համաձայնել է ներգաղթի նախարարի որոշմանը, որով Ջոկովիչին մերժել են վիզա տրամադրել Covid-ի դեմ պատվաստված չլինելու պատճառով: Ըստ նախարարի՝ դա կարող է հրահրել հակապատվաստանյութային տրամադրությունների աճ։
Դատարանի որոշումը ողջունել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ ասելով, որ այն կօգնի ամուր պահել սահմանները և պահպանել ավստրալացիների անվտանգությունը:
Ավստրալացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Քրիստինա Քենելին, սակայն, կարծում է, որ Մորիսոնն իրեն ծիծաղի առարկա դարձրեց՝ սխալ կառավարելով Ջոկովիչի շուրջ ստեղծված իրավիճակը:
Սերբ թենիսիստն ասել է, որ շատ հիասթափված է դատարանի որոշումից, բայց հարգում է այն:
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան էլ հայտարարել է, որ Նովակ Ջոկովիչի բացակայությունը Ավստրալիայի բաց առաջնությունում կորուստ կլինի մրցաշարի համար: Այնուամենայնիվ, կազմակերպությունը խորհուրդ է տվել բոլոր թենիսիստներին պատվաստել: