Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Խոսքը վերաբերում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ճանապարհով անձի ձեռք բերած գիտելիքները, կարողությունները ճանաչելուն:
«Այսօր էլ մեր օգնականները, պետծառայողները կամ ցանկացած այլ ոլորտի աշխատողներ երբեմն անցնում են վերապատրաստումներ, դասընթացներ, բայց դրանք որևէ տեղ իրավական փաստաթղթով չեն արձանագրվում: Մեծ հաշվով, չկա կարգավորում, թե, օրինակ, որ կազմակերպությունները կարող են անցկացնել վերապատրաստման դասընթացներ, ինչ ծրագրով, ով է երաշխավորելու այդ ծրագիրը:
Բացակայում է նաև միասնական վկայականի տրամադրումը: Այսինքն՝ նախագծով կլինի ազգային ռեեստր, որը կկարգավորի այս ամբողջ գործընթացը: Պետությունը և գործատուն կարող են տեսնել, թե մենք այս կամ այն մասնագետության տիրապետող որքան անձ ունենք, գործատուն էլ այդ հարթակում տեսնելու է, որ կան համապատասխան լիցենզավորված ու երաշխավորված ծրագրերով կազմակերպություններ, որոնք պատրաստում են այդ կոմպետենցիայի անձնավորությունների:
Կարող է դիմել և իր աշխատակիցներն այդտեղ վերապատրաստում անցնեն: Աշխատողն էլ իր կարողությունները կարող է ճանաչել պետության կողմից»,- ասաց նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրեց, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին:
«Ճանաչելով մարդու գիտելիքներն ու հմտությունները՝ մենք նրան հնարավորություն ենք ընձեռում մասնակցել երկրի հանրային զարգացմանը, ունենալ մասնակցություն տարբեր գործընթացներին և կարողանալ ինքնաիրացվել»,- ասաց Անդրեասյանը: