Ընդդիմության նախագիծն այսօր լիագումարի օրակարգ չներառվեց: Խորհրդարանի երկրորդ ուժն առաջարկում էր հայտարարություն ընդունել «Սահմանագծման ու սահմանազատման հիմնախնդիրների մասին»: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ իրենք դեմ չեն խաղաղության ու հարևանների հետ սահմանների հստակեցմանը, բայց...
Սեյրան Օհանյան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար - Մենք գտնում ենք, որ ժամանակավրեպ իրականացվող այդ միջոցառումները լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, լուրջ հարված կհասցնենք Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը:
Ընդդիությամբ պնդմամբ՝ հարցը պետք է ընդգրկվեր լիագումար նիստերի օրակարգ, կառավարող ուժը, սակայն, այստեղ քաղաքական շահարկումներ է տեսնում: Հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ հայտարարության նախագծում նորություն չկա, մի մասն էլ ներքաղաքական ընդդիմադիր խոսույթ է:
Հռիփսիմե Գրիգորյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Սահմանագծումն ու սահմանազատումը վերաբերում են ՀՀ-ի և Ադրբեջանի պետական սահմաններին, մինչդեռ ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային, այլ ժողովուրդների ինքնորոշման հարց է: Հեղինակների կողմից այս երկու հարցերի փոխկապակցումը չի բխում ՀՀ շահերից:
Անցնելով օրակարգին. ժառանգություն ստանալու գործընթացը պետք է վերանայել, որ պատերազմում զոհված քաղաքացու հարազատներն օրենքի սահմանափակումների պատճառով չզրկվեն իրենց իրավունքից՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Լենա Նազարյանը՝ ներկայացնելով օրենսդրական փոփոխությունը: Գործող կարգով ժառանգությունն ընդունվում է մարդու մահվան օրվանից 6 ամսվա ընթացքում, սակայն բազմաթիվ զոհված զինծառայողների ինքնությունը չի պարզվել վեց ամսվա ընթացքում, և ընտանիքի համար դժվարացել է ժառանգությունը ստանալու հարցը:
Լենա Նազարյան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Առաջարկվող փոփոխությամբ՝ քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը:
Եթե նախագիծն ընդունվի, կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բոլոր այն դեպքերի վրա, երբ մահացածի ինքնությունը չի պարզվել մեկ ամսվա ընթացքում:
Մեկ այլ նախագծի լրամշակված փաթեթով էլ հուլիսի մեկից սկսած 300 հազար դրամը գերազանցող գործարքները կկատարվեն անկանխիկ: Գլխավոր դրամատան փոխնախագահը հավաստիացնում է՝ փոփոխությունն առաջին հերթին արված է քաղաքացիների հարմարության համար, նաև կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը: Նախագծին, սակայն, դեմ են արտահայտվեցում ընդդիմադիրները: Պնդում՝ սա միջամտություն է անձի սեփականության իրավուքին:
Փողը բանկերի միջոցով շրջանառելուց միայն բանկերն են շահելու՝ հայտարարեցին պատգամավորները: Ընդդիմադիրների մտագոհություններին արձագանքեց Կենտրոնական բանկի փոխնախագահը: Երիցյանն ասաց՝ բիզնեսն ինքն է հետաքրքրված անկանխիկ գործարքներով:
Հաջորդ նախագիծն արդեն դպրոցականներին էր վերաբերում: «Քաղաքացիական պայմանագրից» Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց փոփոխել կրթության մասին օրենքն ու տարրական դասարանների գրքերն անվճար տրամադրել նաև ոչ պետական՝ մասնավոր դպրոցներում սովորող երեխաներին: Հեղինակի պնդմամբ՝ նախագծից կշահի մասնավոր դպրոցներում սովորող ավելի քան 4000 աշակերտ:
Օրենսդիրը քննարկեց նաև կառավարության առաջարկը, որով կառանձնացվեն Վճռաբեկ դատարանի կազմում գործող Քաղաքացիական ու Վարչական պալատները: Նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի վաղը: