Հարուցված 87 քրեական գործ, 91 մեղադրյալ. Գլխավոր դատախազությունը ամփոփել է 2021-ի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում և դրանից հետո արձանագրված հանցագործությունների քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու աշխատանքի արդյունքները: Մեղադրյալներից 67-ի կամ 73.5 տոկոսի մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններին:
ՀՀ գլխավոր դատախազություն - 2022 թ. հունվարի 1-ի դրությամբ քրեական գործերից 14-ի վարույթը կասեցվել է, 24 քրեական գործով կայացվել են քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու, որոշ դեպքերում՝ նաև քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ: Նախաքննության փուլում շարունակում է մնալ 20 քրեական գործ, որոնցով մեղադրյալի կարգավիճակով անցնում է 34 անձ:
Այս անձնացից միայն 24-ը ընտրակաշառք տալու, ստանալու, միջնորդելու կամ այդ ամենն անելու փորձի ու կազմակերպման մեջ են մեղադրվում: 6-ը խախտել են քվեարկության գաղտնիությունը: Մյուս խախտումները մեկական անգամ են եղել՝ այլ անձի փոխարեն քվեարկելը, ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտելը, բռնությամբ քարոզչությանը մասնակացել կամ չմասնակցել հարկադրելը, տեղամասային կենտրոնում կամ հարակից տարածքում բռնություն գործադրելը:
ՀՀ գլխավոր դատախազություն - Բոլոր գործերով մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք:
Մեղադրյալներից 24-ի, այդ թվում՝ պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բայց քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով խափանման միջոցները փոփոխվել կամ վերացվել են 12 անձի նկատմամբ: Հունվարի 1-ի դրությամբ կալանքի տակ շարունակում է մնալ 6 մեղադրյալ: Ընտրությունների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քննված 29 քրեական գործով 53 անձ դատի է տրվել: Հանցագործությունները հիմնականում նույնն են, այս դեպքում սակայն շուրջ 80%-ը եղել են ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար մեղադրվողները:
ՀՀ գլխավոր դատախազություն - Դատի տրված անձանցից 11-ը հանդիսացել են արտահերթ ընտրություներին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 23-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2-ը՝ ԲՀԿ-ի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարած անձինք:
5 գործով դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել: 3 գործով 4 անձ պատժվել է ազատազրկմամբ, որից 3-ի դեպքում պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան: 2 գործով 2 անձ տուգանվել է:
Դատարան ուղարկված՝ 42 անձի վերաբերյալ 22 գործով դատական քննությունը շարունակվում է: