Մոսկվայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ, կարող են հանգեցնել երկու երկրի հարաբերությունների ամբողջական խզման՝ CNN-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ամերիկյան վարչակազմին նա խորհուրդ է տվել հիշել, թե երբ են պատժամիջոցներն արդյունավետ եղել խնդիրների լուծման համար՝ մեկ այլ երկրի ստիպելով կատարել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Վաշինգտոնին։
«Դա երբեք չի եղել»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը սովոր է ԱՄՆ պատժամիջոցներին և փորձում է դրանցից օգուտ քաղել՝ զարգացնելով սեփական արտադրությունը։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը չափազանց մեծ է և ինքնուրույն, որպեսզի խոցելի լինի ԱՄՆ-ի հակառուսաստանյան միջոցառումների նկատմամբ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման շանսեր կան, սակայն Վաշինգտոնը, նրա կարծիքով, չպետք է անտեսի Ռուսաստանի անհանգստության պատճառները։ «Հակառակ դեպքում ապագայի կանխատեսումները «հոռետեսական» կլինեն»,- նշել է Պեսկովը։