Վրաստանում օպտիկամանրաթելային մալուխի վթարի պատճառով շաբաթ երեկոյան Հայաստանում ինտերնետի խնդիր էր առաջացել: Վթարվել էր միանգամից երկու մալուխ, ինչի պատճառով ավելի քան 3 ժամ «Բիլայնի» բաժանորդներն ինտերնետ չունեին: Եվ քանի որ Հայաստանը տարանցիկ երկիր է, ինտերնետի խնդիր գրանցվել է նաև Արցախում և հարևան Իրանում:
Կարեն Գրիգորյան (ԲՏԱ նախարարության կապի բաժնի պետ) - Բաժանորդների համար ինտերնետ հասանելիություն ապահովելու նպատակով օգտագործվել են Հայաստան մտնող այլընտրանքային կապուղիները, որը ՌԴ-ից ենք ստանում՝ նորից Վրաստանի տարածքով, բայց այլ մալուխագծեր են օգտագործվում:
Իսկ Հայաստանը ինտերնետ հիմնականում ստանում է Եվրոպայից, Ռուսաստանն այլընտրանք է՝ հատկապես վթարային իրավիճակներում: Հարևան Վրաստանում «Կավկազուս օնլայն» ընկերության մալուխները վթարվել էին առատ ձյան պատճառով՝ նախ Թբիլիսիից դուրս եկող, հետո նաև սահմանին մոտ՝ Սադախլոյի հատվածում:
Արամ Բարսեղյան («Տելեկոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ) - Շինարարական աշխատանք էր իրականացվել Վրաստանում, և տրակտորի կողմից մալուխը վնասվել էր, ոչ թե կտրվել էր, այլ բավականին մեծ հատված դարձել էր փոխման ենթակա, որով և հենց պայմանավորված էր վերականգնման ժամանակի երկար տևելը:
Մասնագետները վստահեցնում են՝ ոչ մի երկիր ապահովագրված չէ այս խնդրից: «Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավարը խնդրի լուծում է համարում այլընտրանքային կապուղիները: Դրանցից մեկը կարող է լինել դեռևս չօգտագործվող բարձրավոլտ էլեկտրական ցանցը, որն անցնում է Աբխազիայի տարածքով:
Գրիգորի Սաղյան («Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար) - Ինչու չենք խոսում Մեղրի-Մարանդ Պարսկաստանի մասով, դա էլ է հնարավոր օգտագործել, սակայն կան որոշ խնդիրներ այն տեսանկյունից, որ հայկական օգտվողներն օգտվում են Ռուսաստանի և Եվրոպայի ցանցերից, և այդ ճանապարհով գնալը որոշ չափով գնալը դանդաղեցնում է կապը, չունի հսկայական ազդեցություն, բայց որոշ պարագաներում այդ երկար ճանապարհը խանգարում է արդյունավետ աշխատանքին:
Որ բաժանորդները ստիպված չլինեն նման իրավիճակների բախվել ու ժամերով ինտերնետ չունենալ, «Տելեկոմ Արմենիան» նախաձեռնել է նաև նոր՝ երրորդ այլընտրանքային կապուղի, ու ոչ թե Ռուսաստանից կամ Եվրոպայից, այլ Մերձավոր Արևելքից: Արամ Բարսեղյանի խոսքով՝ արդեն հաջորդ ամիս պայմանագրերը կստորագրեն:
Արամ Բարսեղյան - Այս պահին մենք նաև երրորդ այլընտրանքային ճանապարհով միացում ենք կազմակերպում, որն սկսել ենք մինչև այս դեպքը: Մեր հիմնական մատակարարման ուղղությունը Եվրոպան է, և դրա պատճառով մեր բաժանորդների մեծամասնությունն այս խնդիրն զգացել է, քանի որ Ռուսաստանից եկող ծավալն ավելի փոքր է և նախատեսված է հիմնականում ռուսական քոնթենտի օգտագործման համար:
Կապ չունի՝ վթարը Ռուսաստանում, Վրաստանում, թե Հայաստանում է, այն վերացնելու պարտավորությունն այն երկրինն է, որտեղ վնասվում են մալուխները: Պատասխանատու գերատեսչության կապի բաժնի պետն ասում է՝ Հայաստանի համար այլընտրանքային կապուղիները ռազմավարական նշանակություն ունեն, ուստի պատրաստվում են առաջիկա 5 տարում մեր երկիր մտնող նոր կապուղիներ կառուցել:
Կարեն Գրիգորյան - Որը Հայաստանը կկապի Եվրոպայի հետ, միևնույն ժամանակ՝ այդ կապուղին կարելի է օգտագործել նաև տարանցիկ տվյալների փոխանցումների համար՝ միջազգային տվյալների փոխանցման, մասնավորապես՝ Պարսկաստան, Թուրքիա, հյուսիս-հարավ բոլոր ուղղություններով:
Ի դեպ՝ վերջին 3 տարում Հայաստանում մոտ 10 տոկոսով աճել է ինտերնետ օգտագործողների թիվը: Մասնագետների համոզմամբ՝ առաջիկա տարիներին 10 տոկոսով էլ կաճի ինտերնետի սպառումը: