Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը երկուշաբթի կայցելի Կիև, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։ Կեսօրին նա կմեկնի Մոսկվա, որտեղ հունվարի 18-ին կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Դոնբասում տիրող իրավիճակը, ռուս-ուկրաինական սահմանային լարվածությունը, երկկողմ հարաբերությունները՝ գրում է ТАСС-ը։
Ուղևորությունները Ուկրաինա և Ռուսաստան Բերբոքի առաջին այցերն են որպես նախարար:
Վերջին օրերին նա բազմիցս հայտարարել է, որ կողմ է ուկրաինական հարցում տարաձայնությունների դիվանագիտական լուծմանը։ Բեռլինը հանդես է եկել նորմանդական ձևաչափով աշխատանքը վերսկսելու օգտին։ Դիտորդները չեն բացառում, որ Բերբոքը Կիևում և Մոսկվայում կայանալիք բանակցությունները կօգտագործի քառակողմ շփումներին խթան տալու համար։
Մոսկվա մեկնելուց առաջ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ իր երկրի իշխանությունները ցանկանում են կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, պատրաստ են լուրջ երկխոսության Եվրոպայում անվտանգության հարցով, սակայն չեն շեղվելու սկզբունքներից։ Բերբոքը հայտնի է իր բացասական դիրքորոշմամբ «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում՝ այն համարելով ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական բնույթի գործարք:
Գերմանիայում այն կարծիքին են, որ երկու այցերը լուրջ փորձություն են լինելու գերմանական դիվանագիտության ղեկավարի համար։