Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ բանակին անորակ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը ամենայն հավանականությամբ կքննվի դռնփակ։
Գևորգ Բաղդասարյան (գլխավոր դատախազի տեղակալ) - Քրեական գործը գաղտնի է՝ նկատի ունենալով դրանում պարունակվող պետական գաղտնիքը։
Բացի Տոնոյանից՝ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ ավելի հայտնի Պատրոն Դավո մականվամբ, ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետը, ԶՈՒ-ի երկու պաշտոնատար անձինք: Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Ներկայացնելով նախաքննությամբ պարզված հանգամանքները, գլխավոր դատախազի տեղակալն ասաց՝ 2011-12 թվականներին Հայաստան է մատակարարվել տասը հազար Ս-8 com չկառավարվող հրթիռ, որից նույն թվականներին ընդունվել է նախ՝ 2300, ապա՝ 2000 հատը:
Գևորգ Բաղդասարյան - Ընդունվել է առաջին խմբաքանակը 660 ԱՄՆ դոլարով, որից հետո մնացած 5700 հատը չի ընդունվել պաշտպանության նախարարության կողմից այն պատճառաբանությամբ, որ նրանք չեն համապատասխանում տեխնիկական վիճակով սահմանված նորմերին։
Տարեսկզբին Դավիթ Տոնոյանը մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում հայտարարել էր, որ նախաքննությամբ չի հաստատվել հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ հրթիռները չփորձարկելու պատճառով: Դատախազությունից շեշտում են՝ հրթիռների տեխնիկական անբավարար վիճակը արձանագրված է:
Գևորգ Բաղդասարյան - Եթե նույնիսկ փորձարկման արդյունքում առանձին հրթիռներ կլինեն պիտանի և օրինակ կպայթեն, դա դեռ չի նշանակում, որ մնացածը եւս կպայթի: Բնականաբար այդ պայմաններում նաև տրամաբանական չի, որ բոլոր 4232 հրթիռները պետք է պայթեցվեն՝ պարզելու համար դրանք պիտանի էին, թե՝ պիտանի չէին:
Ի դեպ՝ այդ հրթիռները չընդունվելուց հետո, դատախազի տեղակալի խոսքով՝ պահեստավորվել են պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, որից հետո մատակարարը միջոցներ է ձեռնարկել դրանք Հայաստանից արտահանելու համար, գործընթացը, սակայն, մասամբ է իրականացվել, իսկ Հայաստանում մնացած հրթիռները կրկին առաջարկվել են ՊՆ-ին:
Գևորգ Բաղդասարյան - 2018 թվականին մատակարարի կողմից առաջարկություն է արվել պաշտպանության նախարարությանը ձեռք բերելու արտահանումից հետո մնացած 4232 հրթիռները, որոնք ընդունվել են պաշտպանության նախարարության և զինված ուժերի պաշտոնատար անձանց կողմից այն պայմաններում, երբ որ նրանք նաև նախկինում հաստատապես տեղեկացված էին, որ այդ հրթիռները չեն համապատասխանում սահմանված նորմերին»։
Օրեր առաջ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որում, ի թիվս այլնի, անդրադարձել էր հրթիռների ձեռքբերմանը:
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ - Մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018 թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի ցածր, քան մինչ այդ նույն ապրանքատեսակը:
Գլխավոր դատախազի տեղակալի պնդմամբ՝ գնումը կատարվել է գրեթե կրկնակի բարձր գնով:
Գևորգ Բաղդասարյան - Հրթիռները 2018 թվականին ձեռք են բերվել նախկին ձեռքբերման՝ 660 ԱՄՆ դոլարը գրեթե կրկնակի գերազանցող գնով՝ 1100 ԱՄՆ դոլարով։ Իջեցումը տեղի է ունեցել ընդամենը առաջարկվող գնի համեմատությամբ՝ 100 ԱՄՆ դոլար, և կրկնում եմ՝ գերազանցել է նախկինում ձեռք բերված գինը:
Պաշտոնյաները տեղյակ են եղել, որ հրթիռները, որոնց մեկ հատը, փաստորեն, գնվել է 660 դոլարով, մատակարարման պահին եղել են ժամկետանց՝ պնդում է Բաղդասարյանը: Ըստ նրա՝ պարզվել է նաև, որ այդ հրթիռները ընդունվել են կրեդիտորական պարտքը մարելու համար։
Գևորգ Բաղդասարյան - Նախաքննության ընթացքում պարզվեց նաև, որ մատակարար ընկերությունը ՊՆ-ից գնել է ՊՆ-ի երկու ընկերությունների բաժնեմասեր, և դրա արդյունքում Պաշտպանության նախարարության նկատմամբ ունի կրեդիտորական պարտք։ Ապրանքները, որոնք հիմա մատակարարվել են Պաշտպանության նախարարությանը, ըստ էության հաշվանցվել են այդ կրեդիտորական պարտքին։
Ըստ փաստարկների՝ ստացվում է, որ պաշտպանության նախարարությունը այդ հրթիռների համար գումար չի վճարել՝ ապրանքն ընդունվել է այն գումարի փոխարեն, որը մատակարար ընկերությունը պետք է վճարեր բաժնեմասերի համար:
Գևորգ Բաղդասարյան - Սրա արդյունքում պետությանը պատճառվել է 2 միլիարդ 277 միլիոն դրամից ավելի գույքային վնաս, և պարզվել է նաև, որ նշված հանցագործությունը կատարելու ընթացքում նաև այլ արարքներ են կատարվել՝ պաշտոնեական կեղծիք կամ փաստաթուղթ կեղծել արդեն մատակարարի կողմից։
Գործով անցնող մեղադրյալներից միայն ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել՝ հաշվի առնելով նրա պարտականությունների կատարման կարևորությունը:
Այսպիսով՝ դատարան է ուղարկվել մայր գործից անջատված՝ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ մեղադրականը: Ի հայտ եկած այլ հանգամանքներ պարզելու նպատակով մայր գործով նախաքննությունը շարունակվում է: Դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել: «Լուրերը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև մեղադրյալներ Արտակ Դավթյանի և Ստեփան Գալստյանի պաշտպաններից, սակայն նրանք հայտարարեցին՝ այս պահին ձեռնպահ կմնան մեկնաբանություններից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան